Ջերմուկի բնակիչները բաց նամակով դիմել են վարչապետ Փաշինյանին
Ջերմուկի խոշորացված համայնքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին նրանք հայտարարեցին Ջերմուկն ընդդեմ «Ամուլսարի» հանքի շահագործման հանրահավաքի ժամանակ:
Նամակում գրված է.
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
Մենք՝ Ջերմուկի խոշորացված համայնքի բնակիչներս, որ մեկ տարուց ավելի մեր անմիջական, ֆիզիկական ներկայությամբ կասեցրել ենք Ամուլսարում ոսկու հանքի աշխատանքները, Ձեզ ենք դիմում հրատապ հանդիպման խնդրանքով: Կարևոր ենք համարում, որ տեղյակ լինեք այստեղ տիրող ճգնաժամային դրության մասին և անհապաղ քայլեր ձեռնարկեք դրա լուծման ուղղությամբ:
Հեղափոխությունից արդարացի ակնկալիքն այն էր, որ մեր ձայնը լսելի կդառնա, և Հայաստանի զարգացմանը սպառնացող Ամուլսարի ծրագիրն անմիջապես կդադարեցվի: Հասկանալով, որ ներկայի Կառավարությունը նախորդից ժառանգել է անթիվ-անհամար խնդիրներ, գիտակցելով նաև հանքարդյունաբերության խնդրի բարդությունը՝ մենք համայնքի ուժերով կասեցրեցինք հանքի աշխատանքները:
Եթե սա չարվեր, ծրագիրն անխուսափելիորեն մտնելու էր այնպիսի մի փուլ, որ անդառնալի հետևանքներ էր ունենալու թե՛ մեր համայնքի, թե՛ Հայաստանի համար: Սրանով մենք հնարավորություն ստեղծեցինք պետության համար՝ ժամանակ շահելու, ծանոթանալու այս բազմաշերտ խնդրի բոլոր կողմերին, գտնելու այս ճգնաժամի լավագույն լուծումը ժողովրդի համար:
Երկու օր առաջ հրապարակվեց նաև ՔԿ-ի ուսումնասիրությունը, որում նշված է «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի բազմաթիվ թերությունների և սխալների մասին, որի միակ օրինական հետևանքը պետք է լիներ «Լիդիան Արմենիա»-ին տրված թույլտվությունների դադարեցումը, սակայն տեղի ունեցավ հակառակը:
Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք վստահ ենք, որ Դուք կանգնած եք Ձեզ վստահող համայնքի կողքին և պաշտպանում եք հանրության շահերը, որոնք Ամուլսարի հարցում հակադրվում են կորպորացիաների շահերին: Վստահում ենք Ձեզ ու համոզված ենք, որ իրականության մասին իրազեկվածության դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու մասին որոշում:
Պարո՛ն վարչապետ, ցանկանում ենք հատուկ շեշտադրել, որ հանուն Ամուլսարի պահպանության պայքարը ընդգրկում է ամբողջ հայությանը: Ցավոք, Ամուլսարի պայքարը կարող են օգտագործել հակահեղափոխական ուժերը՝ հատուկ Ձեր գլխավորած Կառավարության և հեղափոխության ձեռքբերման դեմ: Մենք մինչև օրս առնչություն չենք ունեցել այդ ուժերի հետ, ավելի հետ ենք մղել նրանց կողմից մեր պայքարը շահարկելու փորձերը:
Մեզ համար շատ կարևոր է հանդիպել Ձեզ հետ:
Խնդրում ենք, ինչպես խոսք էիք տվել դեկտեմբերին նախընտրական քարոզարշավի ընթացքում, գաք Ջերմուկ և մեզ հետ քննարկեք ՔԿ-ի ուսումնասիրության արդյունքները: Խիստ մտահոգիչ է, որ ոստիկանությունը «Լիդիան»-ի դիմումին ընթացք է տվել և մեր դեմ քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել:
Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչներ՝ Ամուլսարի պահապաններ»:
Հիշեցնենք, որ այս պահին Ջերմուկ քաղաքի տաքսիների կանգառի հրապարակում են հավաքվել քաղաքի բնակիչները և սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք վարչապետից ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները: