«Պատասխանատու եմ խաբեբա բառիս համար»․ վարչապետ Փաշինյանին քննադատած կինը պարզաբանանում է ներկայացրել Aravot.am-ին
Գյումրու պատմական փողոցներով շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանին «խաբեբա» անվանած կինը՝ Մարիամ Պավլեյանը, որի արարքը բուռն քննարկումների, քննադատությունների թեմա է դարձել համացանցում, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչու էր գնացել վարչապետի մոտ ու ինչու նրան ազգին խաբելու մեջ մեղադրեց՝ ասելով, որ ոչնչով չի տարբերվում Սերժ Սարգսյանից:
«Ինձ ոչ մեկը չէր ուղարկել, չգիտեմ ինչու են համացանցում նման կեղծ լուրեր տարածում, ես պատասխանատու եմ Փաշինյանին ասած ամեն մի խոսքիս համար։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր, մեզ շատ էր դուր գալիս, քննադատում էր Սերժի թերությունները՝ գազը թանկ է, ասում էր, որ խաբել են մեզ, լույսը թանկ է, խաբել են մեզ, նպաստառուն չի կարող միս ուտել ու բազմաթիվ նման բաներ․․․ Ես կողմնակից եմ եղել հեղափոխությանը, բայց Նիկոլ Փաշինյանի նստելուց հետո ես ոչ մի փոփոխություն չտեսա։ Ես մոտեցա իրեն, որ ասեի՝ ինչո՞ւ գազի գինը չիջավ, երեք տարի է՝ ջեռուցման համակարգ եմ քաշել, բայց ի վիճակի չեմ վառելու, ցելոֆոն ենք վառում ու ամեն օր հինգ կիլոմետր քայլում եմ․ տնից ոտքով քայլելով աշխատանքի վայր եմ գնում՝ 100 դրամ խնայելու համար։ Մանուշյան փողոցից գնում եմ կենտրոնական շուկա ու այնտեղից վերադառնում եմ էդ ցելոֆոնները ձեռքիս, ամենաքիչը մի 5-6 կիլոգրամ կլինի։
Խանութում առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց էն աշխատավարձը չեմ ստանում, ինչ պետք է տան․․․ Վրդովվելու շատ առիթ կար, համ հավատացինք, համ էլ իրեն չարդարացրեց։ Ես իրեն գնացի այդ հարցերը տալու համար, բայց չգիտեմ, թե թիկանապա՞հն էր, թե ո՞վ էր, այդ մարդը չթողեց առաջ շարժվել, դրանից ավելի շատ վրդովվեցի։ Թողնում եք, որ մարդիկ վարչապետի հետ նկարվեն, իսկ բողոք ներկայացնող մարդուն չե՞ք թողնում երկու բառ խոսի, ինչո՞ւ, պատճառը։
Նա նաև նշեց, որ իր ձայնը բարձր է, չէր գոռում վարչապետի վրա, դա իր խոսակցական սովորական տոնն է։ Նա նաև պատմեց, որ մի անգամ փորձել է վարչապետին մոտենալ «Պլազա Վիկտորիա» հյուրանոցի մոտ, սակայն թիկնապահները հրել են, չեն թողել մոտենա, ավելին, ըստ տիկնոջ, բռնի ձևով մի պահ իր ձեռքից վերցրել են հեռախոսը, այնտեղ եղած հեռախոսահամարներն են գրել ու վերադարձրել, կանգնած մարդկանցից մեկն իրեն անվանել է՝ աղջի։ «Ես էլ ասի՝ աղջին գնա կնկադ ու աղջկադ ասա, բայց հեչ չգիտեմ ով էր էդ մարդը»,- ասաց Մարիամը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am-ում: