Ահավոր տհաճ է այս վիճակը․ Ն. Փաշինյանը՝ աղբահանության խնդրի մասին

Մենք բոլորս Երևանի բնակիչ ենք, ապրում ենք այստեղ և ահավոր տհաճ է այս վիճակը: Ես՝ որպես երևանցի ցավում եմ այն վիճակի համար, որում հայտնվել է Երևանը և հայտնվել է մի ընկերության պատճառով, որը չի կատարում պարտականություններ: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսելով աղբահանության խնդիրների մասին:

Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ կարող էր լրիվ այլ պատմություն լինել այս ամենի հետ կապված. «Այստեղ մենք պետք է շատ վճռական լինենք, որ որևէ մեկը չմտածի, որ էժան շանտաժներով կարող է մի բան անել»:

Ըստ Հայկ Մարությանի՝ այսօր աղբի առատության ֆոնը մի փոքր իջել է, իսկ սեպտեմբերին բարձրանալու է, քանի որ մեր համաքաղաքացիներն այդ ժամանակ հետ են վերադառնալու հանգստից:

«Աղբը շատանալու է, բայց մենք պատրաստ ենք դիմակայելու»,-ասաց քաղաքապետը և նշեց, որ հոկտեմբերի սկզբին արդեն նոր մեքենաները, աղբամանները կլինեն Հայաստանում:

Հայկ Մարությանը նշեց, որ այս պահին Դավթաշենում իդեալական աղբահանություն է իրականացվում, քանի որ աղբամանները փոխել են: Նա նշեց, որ դատական պրոցեսների խնդիր կա և ոչ մեկ չգիտի այս պատմությունը ինչպես կավարտվի:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը նշեց, որ պատկերացնում է, թե ինչ ճնշումների տակ է քաղաքապետը. «Բայց և համոզված եմ, որ մինչ քաղաքապետ դառնալն էլ այս ամենի մասին շատ լավ պատկերացում ունեցել եք և ես համոզված եմ նաև, որ բավարար կամք ունեք ու այդ խնդիրների տակից պատվով դուրս կգաք»:

Հայկ Մարությանը ավելացրեց, որ եթե հիմա հետ տային ժամանակը և լիներ հոկտեմբերը անելու էր նույնը, ինչ արել է:

 

Քաղաքականություն