
Նոր ճանապարհ՝ Հայաստանից Ռուսաստան. ե՞րբ է կառուցվելու այն

Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհի կառուցման մասին համաձայնագիրը, որի շինարարությունը պետք է սկսվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ երկրի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի 6-ամսյա աշխատանքի արդյունքների ներկայացման ժամանակ, գրում է tass.ru-ն:
«Մի քանի օրից փաստաթուղթը կստորագրվի, և մինչև տարեվերջ կսկսվի պատմական կարևորության նախագծի՝ Կոբի-Գուդաուրի (Քվեշեթի-Կոբի) արագընթաց մայրուղու շինարարական աշխատանքները: Դա կլինի Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը՝ ամենաերկար թունելներից մեկով»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
23 կիլոմետրանոց ճանապարհը կունենա երկշերտ ասֆալտբետոնե ծածկույթ, կկառուցվեն նաև վեց կամուրջներ և հինգ թունելներ, որոնցից մեկի երկարությունը կհասնի 9 կմ-ի։ Ի տարբերություն հին մայրուղու, ուղևորությունը նոր ճանապարհով 1 ժամից կկրճատվի 20 րոպեի:
Ճանապարհի կառուցման համար Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 415 մլն դոլարի վարկ է հատկացրել: Գումար կհատկացնեն նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (60 մլն դոլար) և Վրաստանի կառավարությունը (83,6 մլն դոլար):