«Սանիթեքը» գումարները դու՞րս է հանում․ Հայկ Մարության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ աշխատանքային հանդիպումը ներկայացրեց ֆեյսբուքյան ուղիղ եթերով: Վարչապետի և քաղաքապետի քննարկման թեման աղբահանության խնդիրն էր:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու է Երևան քաղաքում աղբահանության հետ կապված այսպիսի խնդիր առաջացել, ինչին ի պատասխան Հայկ Մարությանն ասաց. «Նախընտրական շրջանում բոլոր ուժերի ծրագրերում հիմնական խնդիրներից մեկը աղբահանությունն էր, բայց պետք է նշեմ, որ այն ժամանակ աղբահանության վիճակն ավելի վատ էր, քան հիմա: Սա համակարգային խնդիր է: Առաջին սխալը նախկին քաղաքային իշխանությունների եղել է այն, որ մեկ ընկերության են տվել աղբահանության իրականացումը, անվտանգության բարձիկ չի եղել»:

Քաղաքապետի տեղեկացմամբ՝ նախապես աղբահանության իրականացման համար քաղաքը բաժանվել է երկու մասի. 2013 թ.-ին Արևմտյան մասի աղբահանության մրցույթում շահել է «Սանիթեքը», իսկ 2015 թ.-ին արդեն երկրորդ մասի մրցույթը կրկին շահել է նույն ընկերությունը:

«Մեկ ընկերության է տրվել ամբողջ քաղաքի և աղբահանությունը և ձնամաքրման աշխատանքները: Քաղաքի ենթակառուցվածքները զրոյացվել են, մեկ ընկերությանն է տրվել ամեն ինչ: Այլ քաղաքապետերի հետ հանդիպումներում բոլորին հարցրել եմ՝ ոչ մի անգամ չեմ հանդիպել, որ մեկ օպերատոր է այլ զարգացած քաղաքներում աղբահանությունն իրականացնում»,- նշեց Հայկ Մարությանը:

Ըստ քաղաքապետի՝ «Սանիթեքի» հետ պայմանագրերը նորմալ են կնքված՝ և՛ քաղաքապետարանի, և՛ «Սանիթեքի» համար լավ, հավասարակշռված պայմանագիր է: Ըստ նրա՝ երկու կողմն էլ պաշտպանված են:

«Բայց մենք տեսնում ենք, որ «Սանիթեքը» ձախողեց, պատճառները տարբեր են: Օբյեկտիվ պատճառն այն է, որ այդ ընկերությունը լավ չի տիրապետում ոլորտին: Նա մրցույթին ներկայացրել էր, որ Լիբանանում և Նիգերիայում փորձ ունի այս ոլորտում աշխատելու, բայց տնօրենը վերջին ասուլիսին հայտարարեց, որ աշխատել են Թուրքիայում և Ալժիրում: Անհասկանալի է: Այս ընկերությունը օբյեկտիվորեն չի կարողանում կատարել իր աշխատանքը»,- ասաց նա:

Հայկ Մարությանի խոսքով՝ քաղաքապետարանի միակ պարտավորությունը, ըստ պայմանագրի, «Սանիթեք» ընկերությանը ծառայության համար գումար հատկացնելն է: Քաղաքապետը վստահեցնում է, որ գումարները սահմանված ժամկետներում փոխանցվում է:

«Այս վիճակի պատճառներից մեկն է, որ իրենց շարժակազմը քանդված է, ջարդուխուրդ եղած է: Պայմանագրում նշված է 16 հազար մետաղական աղբաման, բայց քաղաքում ընդհանուր 5000 աղբաման է, որից 99-ն է մետաղական: Ծառայության վատ մատուցման համար մենք տուգանել ենք: Իրենք ասում են, որ տուգանքներն անհիմն են և մեզ դատի են տվել: Ասում են՝ դրանք ազդել են մեր աշխատանքի վրա, բայց մեր տուգանքները մեր կողմից իրենց տրված գումարի ընդամենը 3 տոկոսն է: Հենց որպեսզի իրենք վերջնական չմահանան, դրա համար չենք գնում ավելի կոպիտ, կտրուկ քայլերի:

Իրենց հետ բանակցություններում ասել եմ՝ Ձեզ շուկայից հանելու խնդիր չունենք: Իրենք ինձ ասացին, որ պետք է ծառայության գումարը ավելացնել, ես ասացի՝ չեմ կարող: Փոխարենը առաջարկել եմ 2 պայմանագիրը խզենք և նոր մրցույթ հայտարարենք, թող իրենք իրենց բարձր գինը առաջարկեն և եթե ավելի ցածր գին առաջարկող չլինի, նորից կշահեն: «Սանիթեքը» չհամաձայնեց այս առաջարկին»,- պարզաբանեց քաղաքապետը:

Քաղաքապետարանի մյուս՝ քաղաքային բյուջեով մեքենաներ ձեռք բերելու և վարձով տրամադրելու առաջարկին «Սանիթեքը» նախապես համաձայնություն է տվել, սակայն հետագայում, քաղաքապետի խոսքով՝ սկսել է հետաձգել պրոցեսը. «Այստեղ ինձ մոտ կասկածներ առաջացան, որ նրանք գումարները դուրս են հանում: Այսինքն, նույն չափով գումարը ստանում են, պատշաճ ծառայություն չեն իրականացնում, և գումարն ավելանում է»:

Քաղաքապետարանն արդեն սկսել է աղբահանության մեքենաների ձեռքբերման գործընթացը: Ավագանու որոշմամբ արդեն ստեղծվել է «Երևանի աղբահանության և սանմաքրման» համայնքային հիմնարկը: Հայկ Մարությանը հայտնեց, որ քաղաքային իշխանությունների կողմից արդեն ձեռք է բերվել 16 «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենա և պատվիրվել է և 10-ը: Քաղաքապետարանը նաև 8000 աղբամաններ է պատվիրել, որոնցից 400-ն արդեն Երևանում է: Մինչև օգոստոսի 15-ը ևս 1800 աղբաման Երևանում կլինի, իսկ ամբողջ խմբաքանակը՝ մինչև դեկտեմբեր:

«Մենք անընդհատ հորդորում ենք «Սանիթեք»-ին, որպեսզի մեզ հետ համագործակցեն: Դավթաշենում մենք բերել էինք աղբամանները, ուզում էինք փոխել, նամակ գրեցինք «Սանիթեք»-ին, ոչ մի պատասխան չեղավ: Վերջում պատասխանեցին՝ ձեռք մի տվեք մեր աղբամաններին, դա մեր գույքն է, մեր աղբամանների հետ գործ չունեք: Լուծումը հետևյալն է՝ մենք մոտակա ժամանակներում պետք է այս հարցը լուծենք: Քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ այս կերպով աղբահանություն իրականացվի»,- ասաց Հայկ Մարությանը:

Քաղաքականություն