Սահմանին ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ. Տիգրան Բալայան
Վերջին երկու շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի շատ են, այսօր Մեծամորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Դրանք երկկողմանի ինժեներական աշխատանքների կատարման հետևանք են։ Պաշտպանության նախարարության քաղաքականությունն այն է, որ ոչ մի կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ունենալ դիրքային առաջխաղացում։ Կարող եմ ասել նաև, որ մեր ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ։ Այսինքն՝ մենք բավական հաջող մեր ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները լուծվում են», - հայտարարեց Բալայանը։ Նրա խոսքով` հակառակորդը վերջին օրերին իր ակտիվությամբ փորձել է զսպել հայկական կողմի ձեռքբերումները։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ երեկ է եղել Վայոց Ձորի Խաչիկ, Արենի գյուղերի շրջանում բանակային կորպուսում և իրավիճակը «բավականին հանգիստ» է եղել։ «Մի փոքր կրակոցներ կային Զանգակատան ուղղությամբ գտնվող մարտական դիրքերում, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը հայկական Զինված ուժերի կողմից միանգամայն վերահսկելի է։ Այս փուլում համեմատաբար հանգիստ է», - նշեց փոխնախարարը։ Գաբրիել Բալայանը նաեւ գոհ է ամառային զորակոչի արդյունքներից։
«Մենք շատ վաղուց չէինք գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ. Նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով ավելի է եղել զորակոչը», - հայտարարեց փոխնախարարը։ Բացի այդ, փոխնախարար Բալայանի խոսքով, կտրուկ նվազել են զորակոչի հետ կապված բողոքները։ «Մոտավորապես 60-65 տոկոսով նվազել են զորակոչի հետ կապված տարբեր բողոքները, որոնք եղել են նախորդ զորակոչերի ժամանակ։ Դա շատ լավ ու աննախադեպ արդյունք է», - հավելեց փոխնախարարը։