Աննա Հակոբյանն խորհուրդ է տվել վաճառել Երևանում ունեցած բնակարանն ու տուն գնել Գյումրիում․ վարչապետ
Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում, իսկ այսօր առավոտյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ճանաչողական շրջայց է կատարել քաղաքի պատմական միջուկում, որին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունեցել հազարավոր հետևորդներ:
shantnews.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանն իր հայրենաճանաչության մասին կիրակնօրյա շրջայցը Գյումրիում սկսել է Ռիժկովի ճեմափողոցի սրճարաններից մեկում մեկ գավաթ սուրճ խմելուց հետո, ապա գյումրեցիներին ջերմորեն բարևելուց ու փոխադարձ ողջույններ ստանալուց հետո վարչապետը շրջայց է կատարել վերակառուցված Աբովյան ճեմափողոցում ու հիացել սև սրբատաշ քարերով կառուցված շենքերի ճարտարապետությամբ:
Այնուհետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Վարպետաց փողոցում գտնվող Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի և Մհեր Մկրտչյանի թանգարաններ, ծանոթացել հայտնի գյումրեցիների անձնական իրերին, հիացել հին Գյումրվա կենցաղի մաս կազմող կահկարասիով: Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում Աննա Հակոբյանը նաև լուսանկարվել է վարպետի մոր՝ Սանամի թանթանայով (հին Գյումրվա կանանց տարազի մաս կազմող գլխանոց):
Շրջելով քաղաքի պատմական միջուկում` vարչապետը անընդհատ իր հիացմունքն է արտահայտել Գյումրii հին ու սալապատ փողոցների, գեղեցիկ շինությունների մասին ու բոլորին կոչ արել գալ ու վայելել հին քաղաքակրթության օրրաններից մեկի միջավայրը.
«Այն, ինչ մենք այսօր Գյումրիում տեսնում ենք, աննկարագրելի է, տեսախցիկի միջոցով զգացողություններս ամբողջությամբ փոխանցել հնարավոր չէ: Գյումրին բացահայտում է ինձ համար, այստեղ այնքան բան կա տեսնելու, որի մասին մենք մինչ այս ոչինչ չգիտեինք: Եկեք Գյումրի, աննկարագրելի բաներ կարող եք այստեղ տեսնել»:
Իսկ Աննա Հակոբյանն էլ ուղիղ եթերում ասել է, որ ոտքով քայլելուց չի հոգնել, պարզապես տեսածից կորցրել է խոսելու ունակությունը, հիացած է ու շփոթված.
«Այնքան բան կա տեսնելու, ամեն ինչ այստեղ հետաքրքիր է, այն հնությունը, որը Գյումրիում պահպանված է, հիասքանչ է, իմ տատիկն էլ է Գյումրիից, և ես այստեղ ինձ շատ հարազատ բաներ եմ տեսնում ու զգում»:
Նիկոլ Փաշինյանը զբոսանքի ընթացքում այցելել է նաև պատմական միջուկում տեղակայված սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութներ: Քաղաքի հին ռեստորաններից մեկում վարչապետը տեսախցիկով շրջել է նաև խոհանոցում, լուսանկարել Գյումրվա ավանդական ճաշատեսակ քյալլան, ապա շրջել է մոտակայքում գտնվող կերամիկայի արվեստանոցում ու հիացել վերականգնված հայկական հախճապակիների եզակի նմուշներով:
Վարչապետը ճանաչողական շրջայցի ընթացքում զրուցել ու լուսանկարվել է անցորդների ու քաղաքում գտնվող զբոսաշրջիկների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով, զգացողություններվ, ապա այցելել է քաղաքի ամենահին Սուրբ Նշան եկեղեցի ու մասնակցել ժամերգությանը:
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եղել են նայև այն պատմական բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» ֆիլմերը, հիացել կամարաձև թռիչքներով կառուցված նկուղներով, մառաններով ու բակի բնակիչներին խորհուրդ տվել ունեցած ժառանգությունը ճիշտ օգտագործելով միջավայրը դարձնել գրավիչ ու նաև դրանով գումար աշխատել:
Փաշինյանը Ռուսաստանից ժամանած հայ ընտանիքի հետ զրույցում նաև նշել է, որ Աննա Հակոբյանն իրեն խորհուրդ է տվել վաճառել Երևանում ունեցած բնակարանն ու տուն գնել Գյումրիում: Դա, ըստ վարչապետի, կլինի ներդրում Գյումրիի զարգացման գործում և լավագույն օրինակը հայրենակիցների համար:
Վարչապետը եղել է նաև քաղաքի պատմական միջուկում գտնվող հյուրատներում, շրջել հանգստի համար նախատեսված սենյակներով ու դրանց համար նախատեսված օրավարձերը հայտարարելով կոչ արել զբոսաշրջիկներին գալ և իրենց մատչելի հանգիստը վայելել Հայաստանի երկրորդ քաղաքում և օգտվել հին Գյումրվա կոլորիտով ձևավորված հյուրանոցային սենյակներից:
Վարչապետը եղել է նաև Գյումրիի ռոք դպրոցում, զրուցել երիտասարդների հետ, լսել նրանց կատարումները ու նշել, որ ուրախ է, երբ քաղաքի փողոցներում արդեն տեսնում է երկար մազերով ու շորտերով տղաների, ինչը տարիներ առաջ Գյումրիում տեսնել հնարավոր չէր:
Վարչապետը հայտարարել է,որ օգոստոսի 25-ին ներկա է գտնվելու «Գյումրվա օր» միջոցառմանը: