«Նա շատ է ճանապարհորդում». Միհրան Պողոսյանի մտերիմը՝ երեկվա հոլովակի մասին
Երեկ համացանցում հոլովակ էր տարածվել, որտեղ երևում է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը թռչում է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռով:
ArmDaily.am-ին Պողոսյանի մտերիմներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, փոխանցեց, որ իրենք տեսել են հոլովակը և կարծում են, որ վերջինս ժամանել է Մոսկվա: Մեզ փոխանցեցին, որ Միհրան Պողոսյանը ազատ կարողանում է տեղաշարժվել և շատ ճանապարհորդում է: Ինչպես նաև Պողոսյանի մտերիմը մեզ տեղեկացրեց, որ իրենց տեղեկություններով ՀՀ դատախազության արտահանձման միջնորդությունը մերժվել է Ռուսաստանի կողմից և Միհրան Պողոսյանը շուրջ մի քանի ամիս է ինչ կեցության կարգավիճակ ունի Ռուսաստանում: Հարցին՝ ԴԱՀԿ նախկին պետն ի՞նչ է արել իր Հայաստանի բիզնեսները, մտերիմը չգիտեր, բայց նշեց, որ Պողոսյանի հարազատներն իր հետ միշտ կապի մեջ են և հանդիպում են նրա հետ:
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշութամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարան էր ներկայացվել ապրիլի 13-ին, որը բավարարել էր ապրիլի 15-ին:
Միհրան Պողոսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ-ում, ապա կալանավորվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մայիսի 28-ին փոխվել էր եւ նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Ըստ դատախազության՝ նրա արտահանձման գործընթացը շարունակում է: