«Չգիտեմ՝ սեպտեմբերին «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու ենք, թե ոչ».

Երևանի ավագանու«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ավագանու արտահերթ նիստում հետաքրքրվեց՝ երբ քաղաքապետարանը ձեռք բերի նոր աղբատար մեքենաները, արդյո՞ք պատրասվում է սեպտեմբերին խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագրերից որևէ մեկը:

Վարդանյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանից բազմիցս հավաստիացրել են, որ օգոստոսին աղբի խնդիրը լուծված կլինի:

Ի պատասխան՝ նիստը վարող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ երբ ասում էին՝ օգոստոս ամսին խնդիրը լուծվելու է, ենթադրվում էր, որ այն տեխնիկան, որն անհրաժեշտ էր, ժամանակին կլինի Երևանում, և կլուծվի խնդիրը: Նա տեղեկացրեց, որ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել արտադրողի մոտ, որի պատճառով տեխնիկայի ժամանումը Հայաստան ուշացել է:

«Դա է պատճառը, որ օգոստոսի ինն է, և ամբողջությամբ հարցը չի լուծվել: Այս պահի դրությամբ ունենք 12 ավտոմեքենա, որը սպասարկում է Երևան քաղաքը այն վայրերում, որտեղ «Սանիթեքը» չի կատարում իր պարտականությունները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պայմանագրի խզելուն, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ քաղաքապետարանը հակված չէ որևէ մի սուբյեկտի հետ պայմանագիր խզել, եթե այն կատարում է իր պարտականությունները: «Չեմ կարող ասել՝ սեպտեմբեր ամսին «Սանիթեքը» կկարողանա՞ իր պայմանագրային կետերին վերադառնալ և ամբողջությամբ սպասարկել ամբողջ Երևանը, թե՞ ոչ: Իհարկե, եթե պայմանագրի կետերը շարունակի ամբողջությամբ չսպասարկել, այդտեղ պետք է մտածենք, թե ինչ գործողություններ է իրականացնելու քաղաքապետարանը»,- նշեց նա:

Հրաչյա Սարգսյանը հավաստիացրեց՝ քաղաքապետարանն ամեն կերպ փորձում է աջակցել կազմակերպությանը, որպեսզի այն վերականգնվի և անցնի համապատասխան ծառայությունների մատուցմանը: Ըստ նրա՝ եթե շարունակվի այս նույն գործելաոճով, և որևէ փոփոխություն տեղի չունենա, ապա քաղաքապետարանը պետք է մտածի համայնքի բնակիչների շահերը պաշտպանելու մասին:

Արձագանքելով Թեհմինա Վարդանյանն ասաց. «Այս պատասխանն էլ պատասխան էր ոչնչի մասին: Դուք ուղղակի ինքնաարտահայտվում էիք, որովհետև իմ հարցերի պատասխանը չհնչեց: Ես հստակ հարցրել եմ, եթե մենք ունենանք շարժակազմ, ե՞րբ պատրաստ կլինենք խզել պայմանագիրը»:

Հրաչյա Սարգսյանն էլ պատասխանեց, որ ինքնաարտահայտման խնդիր չունի և խնդրեց Վարդանյանին բառերը ճիշտ ընտրել: «Ցավում եմ, եթե ձեր հարցի պատասխանը չկարողացա տալ: Այս պահի դրությամբ չգիտեմ՝ մենք սեպտեմբեր ամսին պայմանագիրը խզելու ենք, թե ոչ, եթեներով հարցերի չեմ կարող պատասխանել»,- ասաց նա:

Թեհմինա Վարդանյանը հիմնական զեկուցող Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց. «Պարո՛ն, Հայկ Սարգսյան, Դուք երեք ամիս առաջ այս դահլիճում ասել եք, որ քաղաքապետը բազմիցս ասել է՝ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը լինելու է քաղաքական որոշում, ուզում եմ հասկանալ՝ դա քաղաքական որոշո՞ւմ է»:

Հայկ Սարգսյանն էլ նշեց. «Պայմանագրի խզումը բացառապես քաղաքական խնդիր էր, որովհետև երեք ամիս առաջ քաղաքապետարանը չուներ նույնիսկ մեկ միավոր տեխնիկա, նույնիսկ մեկ սեփական աշխատող, որ «Սանիթեքի» հետ լուծվող պայմանագրի հաջորդ օրից պատրաստ լիներ ապահովելու քաղաքի աղբահանությունը, որ Դուք ևս չբարձրանայիք, ամբոիններից ասեիք՝ այս ի՞նչ վիճակ եք քաղաքում ստեղծել, պայմանագիրը խզեցիք, աղբը տուն է լցվում: Այդ պահին որոշումը բացառապես քաղաքական հետևանք էր ունենալու՝ հաշվի առնելով դրա հանրային հետևանքը և արժեքը, դրա համար դա պահանջում էր քաղաքական որոշում»:

Քաղաքականություն