Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է ՊԲ առանձին հրետանային բրիգադներից մեկը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր պաշտպանության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ այցելել է ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկը, որտեղ պետական-մասնավոր գործընկերությամբ առաջին անգամ կիրառվել է զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը:  Գրիգորի Մարտիրոսյանըհետևել է գործընթացի իրականացմանը, շփվել զինծառայողների հետ, նրանց հետ սեղանի շուրջգնահատել սննդի որակն ու տեսականին: 

Զինվորների հետ ճաշելուց հետո պետական նախարարն ասել է. «Տպավորված եմ սննդամթերքի որակից և համային հատկանիշներից: Համակարգը, որը ներդրվում է ՊԲ-ում, տարբերվում է նախկինից այն իմաստով, որ սննդի ծառայությունների մատուցումը պատվիրակվում է մասնավոր ընկերություններին և մասնագիտական մոտեցումը միանշանակ դրական է անդրադառնում մատուցվող ծառայությունների որակի վրա: 

 

Մենք նաև բանակցում ենք ՊԲ-ին ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, որպեսզի սննդակարգում հնարավորինս ընդգրկեն տեղական արտադրությունը՝ կաթնամթերքի, մսամթերքի տեսքով: Այդ ընկերությունների կողմից պատրաստակամություն է հայտնվել մթերումներ կատարել Արցախում արտադրվող բանջարեղենի կամ այլ բնամթերքի մասով»:

Գրիգորի Մարտիրոսյանը գոհունակությամբ ընգգծել է զինվորական ճաշարանի շենքային պայմանները, այնտեղ իրականացված ժամանակակից լուծումները, հարմարավետ ու տրամադրող միջավայրը: Պետական նախարարը եղել է նաև «Էյ Բութս» ընկերության արտադրամասում, որը զինվորներին ապահովում է դիմացկուն ու հարմարավետ ճթքակոշիկներով: 

 

Ընկերությունը ՊԲ էուղարկել նոր ճտքակոշիկների արդեն երկրորդ խմբաքանակը: Գ.Մարտիրոսյանին է ներկայացվել արտադրական գործընթացը, քննարկվել արտադրության ընդլայնման հեռանկարները:

 

Քաղաքականություն