Միխայիլ Կրուգի սպանությունը 17 տարի անց բացահայտվել է․ lenta ru
2002 թվականի լույս հուլիսի 1-ին տեղի է ունեցել ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենաաղմկահարույց սպանություններից մեկը. վարձու մարդասպանները սպանել են հայտնի շանսոնյե Միխայիլ Կրուգին՝ իր իսկ տանը: Քննիչները չէին կարողանում բացահայտել գործը 17 տարի, սակայն այժմ, կարծես, «սառույցը տեղից շարժվել է», գրում է tert.am-ը lenta.ru-ին հղում անելով:
Օրերս՝ օգոստոսի 6-ին արտիստի տանը քննչական փորձարկում է անցկացվել, որին մասնակցել է կասկածյալ Ալեքսանդր Ագեևը՝ 1990-ականների ամենադաժան հանցավոր խմբավորումներից մեկի՝ Տվերի մարզի «Գայլեր» հանցավոր խմբավորման անդամը: Նա արդեն խոստովանական ցուցմունք է տվել և հայտնել է, որ իսկապես մասնակցել է Կրուգի սպանությանը:
Միխայիլ Կրուգը համարվում է 1990-ականների լեգենդ, նրա երգերը՝ «Жиган-лимон», «Владимирский централ», «Кольщик», հիթեր են դարձել և մինչ օրս համարվում են ռուսական շանսոնի հիմներ:
Այն տունը, որտեղ ապրել է Կրուգը, գտնվում է Տվերի Օսվոբոժդենիա փողոցում: Դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել այդ տանը լույս հուլիսի 1-ին, հայտնի է երգչի այրու՝ Իրինայի խոսքերից: Այդ օրը Կրուգը տուն է եկել ժամը 21:00-ի սահմաններում՝ համերգից:
Տանը, բացի նրանից ու կնոջից, գտնվել են նրա 3 երեխաները՝ 2-ը նախկին ամուսնություններից, և նրանց համատեղ երեխան, ինչպես նաև զոքանչը: Հենց վերջինիս վրա էլ հարձակվել են տուն մտած 2 հանցագործները: Ձայներ լսելով՝ Իրինան գնացել է երկրորդ հարկ և տեսել, թե ինչպես են ծեծում իր մորը: Շոկի մատնված՝ նա վազել է հարևան սենյակ և տեղի ունեցածի մասին պատմել ամուսնուն: Նրանք վազել են միջանցք, հենց այդ ժամանակ էլ նրանց ուղղությամբ կրակ է բացվել:
Իրինան հասցրել է դուրս պրծնել տնից, իսկ նրան մարմնով ծածկող երգչին երկու փամփուշտ է դիպել:
17 տարի շարունակ երգչի սպանության գլխավոր կասկածյալներն են հանդիսացել «Գայլեր»-ի անդամները: Դաժան խմբավորումն ահուսարսափի մեջ է պահել ամբողջ Տվերի մարզը: Խմբավորման պարագլուխներն են եղել քրեական հեղինակություն Ալեքսանդր Կոստենկոն՝ Լոմ մականունով, նրա աջ ձեռքը՝ Անատոլիյ Օսիպովը՝ Գայլ մականունով, որոնք երկուսն էլ սպանվել են 2000-ականներին:
Խմբավորման տապալումից հետո, շարքային անդամները երկար տարիների ազատազրկման են դատապարտվել, իսկ երեք վարձու մարդասպանները՝ Ալեքսանդր Ագեևը, Ալեքսանդր Օսիպովը՝ Կրտսեր Գայլ, և Դմիտրիյ Բասկակովը, ցմահ ազատազրկման են դատապարտվել:
Հենց Ագեևին էլ ճանաչել է երգչի այրին, սակայն կասկածյալը հերքել է իր մասնակցությունը սպանությանը:
Խմբավորման անդամների նկատմամբ դատական գործընթացը սկսվել է 2009-ին, այդ ընթացքում քննիչները պատրաստել էին քրեական գործի 108 հատոր: Կրտսեր Գայլը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Արդեն պատիժը կրելով՝ նա հայտնել է, որ երգչին սպանել է Լոմի վստահելի մարդկանցից Դմիտրիյ Վեսելովը՝ Վեսելը: Թեև Լոմ մականունով հանցագործը սիրել է երգչի երգերը և լավ ճանաչել նրան, սակայն ինչ-որ պահի նրանց միջև սև կատու է անցել: Իբր նա պահանջել է, որ արտիստն իր հետ կիսվի իր հոնորարներով, երգիչը մերժել է: Սա Դմիտրիյ Վեսելովը չի կարողացել հաստատել կամ հերքել, քանի որ արդեն մեռած է եղել:
Իսկ թե ինչու էր Ագեևն այսքան տարի լռել և միայն այժմ խոսել՝ պատասխանը շատ պարզ է: Ե՛վ Կրտսեր Գայլը, և՛ Ալեքսանդր Ագեևը գտնվում են չափազանց խիստ ռեժիմի գաղութում, և սպանության գործով քննչական գործողությունների վերականգնումը նրանց թույլ կտա ժամանակավորապես լքել բանտը և տեղափոխվել քննչական մեկուսարան, որտեղ պայմաններն ավելի մեղմ են: