Մտքի հեղափոխությունը սկսված է. Փաշինյան
Ինձ համար մի քիչ անսպասելի, սակայն, հաճելի էր տեսնել, որ Իջեւանում մեր գործողություններն ունեն լայն հանրային աջակցություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նշանակում է՝ մտքի հեղափոխությունը սկսված է, մարդիկ հասկանում են, որ չի կարելի ազգային հարստությունը ոչնչացնել հանուն 10, 20 կամ 100 ընտանիքի, հատկապես որ այդ մարդկանց սոցիալական խնդիրները ծառ հատելով չեն լուծվում: Ինքս Իջեւանից եւ գիտեմ՝ այդ մարդիկ ինչպես վատ ապրում էին, այնպես էլ շարունակում են վատ ապրել: Իսկ նրանք, ովքեր սկսել են լավ ապրել, ապա նրանք այն մարդիկ են, որոնք խմբավորումներ են ստեղծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Երկրորդ հանրային դրական արձագանքը Փաշինյանը ստացել է Գյումրի կատարած այցից հետո: Հիշեցնենք, որ Գյումրիում բազմազավակ մայրը մոտեցել էր վարչապետին եւ օգնություն խնդրել, ինչին վերջինս արձագանքել էր, թե ինչու չափահաս որդին չի աշխատում: Այս միջադեպից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հորդորելով մարդկանց աշխատել:
«Մարդիկ հետեւողականորեն տարբեր ժամանակներում իշխանություններից հումանիտար օգնություն են ակնկալել, ես գրառում էի արել այդ մասին, այդ գրառումը եւս պոզիտիվ արձագանք ստացավ: Այս համատեքստում ես կարեւորում եմ հարկային փոփոխությունները, մարդիկ պիտի հասկանան, որ իրենց օրինական աշխատանքով պետք է հոգան իրենց կարիքները: Հայաստանում այսօր կան բազմաթիվ տնտեսական հնարավորություններ, որոնք պատշաճ մակարդակով չեն օգտագործվում, մենք պետք է քաջալերենք մարդկանց, որ օգտագործեն այդ հնարավորությունները, իսկ մեր խնդիրն է ամեն շաբաթ ավելացնել այդ հնարավորությունները: Աղքատ մարդը պետք է կարողանա իր աշխատանքով հարուստ դառնալու հնարավորություն ունենա»,- ասաց Փաշինյանը: