Ինչո՞ւ է քաղաքացին Բագրատաշենի մաքսատանը ածելիով ինքնավնասումներ կատարել. ՊԵԿ պարզաբանում

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել նախօրեին Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպի հետ կապված, երբ մի քաղաքացի ինքնավնասում էր արել:

 

ՊԵԿ-ի պարզաբանման մեջ ասվում է.

 

«ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձեւակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով:

 

Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձեւակերպման աշխատանքները, ստացել իր բեռը եւ հեռացել»:

Ավելի վաղ հայտնել էինք,  որ հուլիսի 29-ի ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. Բագրատաշենի մաքսային կետից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գագիկ Ս-ն է։

Պարզվել է, որ նա մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ածելիով ինքնավնասումներ է կատարել՝ վերջույթների եւ պարանոցի հատվածում։