Թբիլիսիում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար
Թբիլիսիում բախումների ժամանակ հայազգի Մինաս Մինասյանը ձերբակալվել է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար, տեղեկացնում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Կապի մեջ եմ եղել Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։
Գործընկերոջիցս այսօր տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ քաղաքացի (անհատական տվյալներն այս փուլում հրապարակման ենթակա չեն)։
Նա 13 օր կլինի վարչական կալանքի տակ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրա կալանքի դատական նիստը մոնիտորինգի է ենթարկել նաև Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչը։ Մեզ են փոխանցվել ձերբակալվածի ազգականի անհատական տվյալները, ում հետ մենք նույնպես կապի մեջ կլինենք։
Շնորհակալ եմ գործընկերոջիցս համագործակցության ու արդյունավետ համատեղ աշխատանքի հանար։
Վրաստանի մեր բարեկամներին մաղթում եմ երկրում ստեղծված իրավիճակի արագ ու խաղաղ հանգուցալուծում», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Թաթոյանը։