Ովքեր են կառավարության թիրախում․ 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում կառավարությունը գնում է գույքահարկի վերանայման։ Որքան էլ դա դիտարկվում է՝ որպես հակակշիռ համահարթ եկամտային հարկին, այնուհանդերձ այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, ծանրանալու է բնակչության ոչ միայն հարուստ, այլև սոցիալապես խոցելի խմբերի վրա։
Ավելին, ի տարբերությունն հարուստների, վերջիներս հայտնվելու են շատ ավելի մեծ հարվածի տակ` ստիպված լինելով հրաժարվել անգամ սեփական գույքից։ Նախատեսվող փոփոխությունները գուցե արդարացված լինեին, եթե հասարակության շրջանում աղքատության մակարդակն այսքան բարձր չլիներ։ Բայց իշխանափոխությունից հետո Հայաստանում սոցիալական իրավիճակն առայժմ բարելավման նշաններ ցույց չի տալիս։ Ավելին, նախատեսվող հարկային օրենսդրության փոփոխությունները տանելու են երկրում սոցիալական լարվածության խորացման։ Դա արտահայտվելու է՝ ինչպես հարկային հայտնի փաթեթի, այլև՝ գույքահարկի օրենքում սպասվող փոփոխությունների տեսքով։
Կառավարությունը պատրաստվում է վերանայել գյուքահարկի գնահատման գործող կարգը, ինչը ենթադրում է անշարժ գույքի հարկի կտրուկ բարձրացում։ Այնպես չէ, որ դա տարածվելու է միայն թանկարժեք գույքի վրա։ Գույքահարկի հարկման դաշտում են հայտնվելու գրեթե բոլորը։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ մարդը հարո՞ւստ է, թե՞ սոցիալապես անապահով։ Նա պարտավոր է լինելու վճարել իրեն պատկանող գույքի համար։ Մի դեպքում՝ ավելի շատ, մեկ այլ դեպքում՝ քիչ։ Կառավարության թիրախը բոլորն են, այդ թվում՝ գյուղական բնակավայրերը։ Նախատեսվում է փոխել, առաջին հերթին՝ գույքի գնահատման գործող մոդելը։
Ըստ այդմ՝ գույքի կադաստրային արժեքը կհամապատասխանեցվի շուկայականին, այսինքն` կբարձրանա գրեթե 3 անգամ, ինչն էլ թույլ կտա անշարժ գույքը դնել հարկման տակ։ Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ։ Այս նախաձեռնությամբ, որքան էլ թվում է, թե նպատակը պիտի լիներ հասարակության շրջանում առկա բևեռացվածության մեղմումը, այն բերելու է երկրում սոցիալական լարվածության խորացման։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ հարուստներն իրենց շքեղ բնակարանների համար ստիպված են լինելու ավելի շատ վճարել։
Գույքահարկի հարկման տակ կհայտնվի նաև այն քաղաքացին, ով ունի մեկ կամ երկու սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում, և ում եկամուտները Հարկային օրենսգրքի փոփոխություններով ոչ միայն չեն ավելանում, այլև մի բան էլ նվազում են` կապված կենսաթոշակային ֆոնդերի վճարումների հետ։ Գույքահարկի նման կտրուկ բարձրացումով կառավարությունն ըստ էության գնում է նաև սեփականության վերաբաշխման։ Պարզ է, որ դրանից հետո կլինեն բազմաթիվ սեփականատերեր, ովքեր ի վիճակի չեն լինելու վճարել այդքան գումար իրենց ունեցվածքի դիմաց։ Դա նշանակում է, որ նրանք ստիպված վաճառելու են այն՝ ավելի էժան գույք գնելու և ավելի քիչ գույքահարկի բեռ կրելու նպատակով»։