Ավելի փոքր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել. նորանշանակ նախարար

Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը բավարար է համարում իր աշխատանքային փորձը արդարադատության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Բադասյանը նշեց, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն իսկ նախանշվել են դատական համակարգի բարեփոխումների ուղղությունները:

Բադասյանի կարծիքով՝ իր տարիքային առանձնահատկությունները որևէ կերպ չեն ազդելու նախարարությունը կառավարելու արդյունավետության վրա:

 

«Ավելի փոքր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես՝ առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր-գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո: 

Այնպես որ, կարծում եմ, բավական է իմ աշխատանքային փորձն արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար, որովհետև մասնավոր ոլորտում  աշխատելով՝ ծանոթ եմ թե դատարանների,  և թե պետական ոլորտի խնդիրներին»,- ասաց Բադասյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչ տեսակետ ունի դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին՝ Բադասյանը նշեց, որ վարչապետը սպառիչ պարզաբանել է, թե ինչ նպատակ էր հետապնդում ակցիան։ «Կարծում եմ, որ դա դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք չէր»,- հավելեց նա:

 

«Արդյո՞ք վեթթինգը միակ ճանապարհն էր դատական համակարգը բարեփոխելու և չկա այլ գործիքակազմ, որով հնարավոր է դա անել»,- հարցին նորանշանակ նախարարը պատասխանեց. «Անկախ դատական համակարգ ունենալու համար դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»: