Երևանի աղբահանությամբ զբաղվող նոր պետական կառույցի տնօրենը 850 հազար դրամ կստանա. մանրամասներ
Երևանի ավագանին իր այսօրվա նիստում հաստատել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի, պաշտոնեական դրույքաչափերի հաստատման նախագիծը:
Նախագծի համաձայն՝ Երևանի աղբահանությամբ զբաղվող այդ կառույցն ունենալու է չորս բաժին՝ ֆինանսական, սանմաքրման կառավարման և համակարգման, աղբահանության կառավարման և համակարգման, ավտոհավաքակայան: «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, ընդհանուր առմամբ, 424 աշխատակից է ունենալու, կառույցի բյուջեն կազմելու է 96 մլն դրամ: Ուշագրավ է նաեւ սահմանված աշխատավարձերի չափը:
Մասնավորապես, տնօրենը ստանալու է 850 հազար դրամ աշխատավարձ, տնօրենի տեղակալը եւ գլխավոր հաշվապահը՝ 650 հազար դրամ: Կառույցում նվազագույն աշխատավարձը 200 հազար դրամ է կազմում:
Նախագիծը ներկայացրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ այո, հիմնարկի տնօրենի աշխատավարձը Երեւանի քաղաքապետի աշխատավարձից բարձր է. «Բարձր աշխատավարձը այն հենքն ու երաշխիքն են, որ հնարավորություն են տալու իրականացնել աղբահանության գործառույթը անգամներ ավելի լավ, քան իրականացրել են մասնավոր ընկերությունները»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ այսօր ավելի շատ գումար է ծախսվում աղբահանության վրա, քան կծախսվի այս հիմնարկի բարձր աշխատավարձային ֆոնդով. «Այսինքն բյուջեի վրա ծախսը նվազելու է»: