Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Գազել է կողաշրջվել. Վարորդը հրաժարվել է սթափության փորձաքննություն անցնել, ապա քնել է
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, 33-ամյա Ռազմիկ Ղազարյանը իր վարած ԳԱԶ-33021 մակնիշի 35 VZ 354 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խորովածանոցի աշխատակիցները, իսկ վարորդն էլ՝ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն իրեն օգնության ձեռք մեկնած քաղաքացիների, այլև օպերատիվորեն ժամանած Ճանապարհային ոստիկանության ծառայողների նկատմամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հետաքննիչը փորձել է վարորդի սթափությունը ստուգել, վերջինս սկսել է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, հրաժարվել է սթափության փորձաքննություն հանձնել, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, որն էլ նրան տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ նա նույնպես մի իսկական խառնաշփոթ է ստեղծել, իսկ հետո քնել է: Ճանապարհային ոստիկանները քաղաքացիների օգնությամբ քարշակով ավտոմեքենան դարձի բերեցին և հետաքննիչի հանձնարարականով այն տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: