Կոտայքի մարզում ընտրված և վերընտրված գործիչներին էլ հիշեցնում եմ․ Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում ամփոփել է կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները.
«Ամփոփելով ՏԻՄ ընտրությունները.
Շնորհավորում եմ բոլոր ընտրված և վերընտրված գործիչներին, իսկ Կոտայքի մարզի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում դրսևորել պահանջատիրության և բարձր քաղաքացիական իրավագիտակցության վարք և ավագանու ինստիտուտի մանդատով իրականացնել հանրային վերահսկողություն և հետևողականություն համայնքների ղեկավարների` բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում գործունեության նկատմամբ` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու։
Կոտայքի մարզում ընտրված և վերընտրված գործիչներին էլ հիշեցնում եմ ՏԻՄ օրենքով սահմանված` համայնքի պարտադիր 20 խնդիրների մասին, որոնց լուծման գործընթացին անձամբ եմ հետևելու՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ինձ վերապահված իրավասությունների և լիազորությունների շրջանակներում:
1) համայնքի կայուն զարգացումը.
2) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը.
3) համայնքի գույքի կառավարումը.
4) նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը.
5) համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը.
6) համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը.
7) համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը.
8) համայնքում բնակարանային շինարարության խթանումը.
9) համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը.
10) համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը.
11) պետության պաշտպանության իրականացման աջակցումը.
12) աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.
13) համայնքներում գյուղատնտեսության զարգացման խթանումը.
14) համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը.
15) համայնքներում զբոսաշրջության զարգացման խթանումը.
16) համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը.
17) համայնքում ծնելիության և բազմազավակության խթանումը.
18) համայնքում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի առաջնային բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
19) համայնքի հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.
20) բարեգործության խթանումը` համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով:
#ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք»։