«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին անընդհատ պաշտոնանկություններ են տեղի ունենում, եւ դրանց պատճառը համարվում են Հայաստանն ու Հայաստանի հետ փոխհարաբերությունները։

Բանն այն է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարծես թե, հայտնվել է երկու քարի արանքում՝ նախկին եւ ներկա իշխանությունների հետ հարաբերությունների մասով։ Այստեղ ցավալին այն է, որ նախկին իշխանությունները հենց Արցախն են փորձում օգտագործել իրենց վերարտադրության համար, իսկ նոր իշխանություններն էլ իրենց պահանջներն են թելադրում։

 

Ամեն դեպքում ArmLur.am-ի տեղեկություններով, Բակո Սահակյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքն ինքնուրույն է եւ իրեն ոչ ոք չի կարող ստիպել որեւէ բան անել։ Եվ չնայած նա ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել, անգամ պարել Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրանց եւս ասել է՝ չխառնվել իր ներքին գործերին, ինքը չեզոք է։

Եվ ահա, այս վերջին օրերի ազատումներով ու նշանակումներով նա փորձում է խճճել իրավիճակը։ Բանն այն է, որ լուրեր կան, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի առջեւ Վիտալի Բալասանյանին աշխատանքից հեռացնելու պայման էր դրել, իսկ ահա Սերժ Սարգսյանն էլ ասել է՝ մի հեռացրու։

 

Եվ ահա այս օրերի ձգձգումներից հետո շատերը Բակո Սահակյանին մեղադրում էին, որ նա շարժվում է նախկին իշխանությունների, Սերժ Սարգսյանի ասելով։ Սակայն  պարզ դարձավ, որ նա ի վերջո Վիտալի Բալասանյանին ազատել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ, ըստ էության, ստացվում է՝ կատարել է Նիկոլ Փաշինյանի պահանջը։

 

Սակայն դրա հետ մեկտեղ Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Արթուր Աղաբեկյանին, ով նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմն է եւ համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեւի ներկայացուցիչ, քանի որ Արայիկ Հարությունյանը համարվում է Արցախի նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն։

 

Այս որոշումով էլ նա, ըստ էության, դեմ է գնացել Նիկոլ Փաշինյանին։ Դրա հետ մեկտեղ մեկ այլ պաշտոնի էլ արդեն նշանակել է Լեւոն Մնացականյանին, ով պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել էր դեռ նախորդ տարի եւ նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար։ Հիմա էլ նա տեղափոխվեց Արցախի ոստիկանապետի պաշտոն:

 

Իսկ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանն էլ կնշանակվի քննչական ծառայության ղեկավար: Դրա հետ մեկտեղ երեկ նախկին իշխանությունների կողմից շրջանառության մեջ էր դրվել, թե Արցախ ուղարկվող օգնությունն այլեւս չի լինի, թե իբր Հայաստանը հրաժարվել է, բայց դա էլ արագ հերքվեց։ Արցախը կստանա այնքան գումար, որքան նախատեսված է եղել, եւ ոչինչ չի կարող փոխվել երկու երկրների փոխհարաբերություններում»:

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում