ՍԴ-ն տարակուսած է Քոչարյանի գործով դատավորի թույլ տված խախտումներից. Վահե Գրիգորյան
ՍԴ-ի հայտարարությունը հաստատեց մեր այն պնդումը, որ որեւէ օրենքով նախատեսված չի եղել որեւէ պահանջ, որ դատավոր Դ․ Գրիգորյանի նախագահությամբ դատարանը 20/05/2019թ․-ին կայացրած իր որոշմանը կից ՍԴ ուղարկեր «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» քրեական գործի նյութերը։ Այս մասին իր Facebook-յան էջում գրում է փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Այսօր՝ 27/05/2019թ․-ին տարածված Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի կից հայտարարությամբ (հղումը՝ քոմենթում) փաստացի հաստատվեց մեր այն պնդումները, որ․
1․ Որեւէ օրենքով նախատեսված չի եղել որեւէ պահանջ, որ դատավոր Դ․ Գրիգորյանի նախագահությամբ դատարանը 20/05/2019թ․-ին կայացրած իր որոշմանը կից ՍԴ ուղարկեր «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» քրեական գործի նյութերը։ Այս գործողությանը դատարանը, դատելով ըստ հետեւանքի, դիմել է փաստացի չեզոքացնելու համար տուժողների եւ դատախազության բողոքարկման իրավունքը, քանի որ առանց քրեական գործի այդ նյութերի, որոնց կարիքը ՍԴ-ն, դատարանի դիմումի քննության նպատակով ամենեւին էլ չունի, վերաքննիչ քրեական դատարանը տուժողների եւ դատախազների բողոքը քննել չի կարող։
2․ Բացի այդ, առ այս պահը, իր փաստված եւ հակաիրավական անգործությամբ, դատավոր Դ․ Գրիգորյանը որեւէ միջոց չի ձեռնարկել իր դատավարական կոպիտ խախտումը (որն ըստ արդյունքի՝ կողմերի դատավարական իրավունքների ապօրինի սահմանափակման է հանգեցրել) վերացնելու համար։ Առ այս պահը, չնայածեւ իր կողմից ստացված թե՛ տուժողների, թե՛ դատախազության վերաքննիչ բողոքներում թույլ տրված խախտման եւ դրանց լուծման մանրամասն նկարագրության, դատավոր Դ․ Գրիգորյանը չի պահանջել եւ օրենքի պահանջով վերաքննիչ քրեական դատարան ուղարկել այս քրեական գործի նյութերը։
Փաստելով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից այս գործով թույլ տված վերը նշված խախտումները, այնուամենայնիվ, ՍԴ աշխատակազմը չի անդրադարձել այն հարցին, թե ի՞նչ հետեւանքի կարող է հանգեցնել այս դատավորի՝ մի քանի նյութական եւ դատավարական իրավունքների խախտումներով կայացրած որոշման/դիմումի հիման վրա այս գործը քննության ընդունելը ՍԴ կողմից։ Եւ սա հասկանալի է, քանի որ այս հարցի լուծումը ոչ թե ՍԴ աշխատակազմի, այլ հենց ՍԴ որոշման հարցն է։
Այս հայտարարությունից առաջին ակնբախ եզրահանգումն այն է, որ նույնիսկ ՍԴ աշխատակազմն է տարակուսած դատավոր Դ․ Գրիգորյանի թույլ տված խախտումներից։ Եւ սա դեռ քննարկման առարկա պետք է դառնա դատական իշխանության ներսում ծավալվող քննարկումներում։
Իսկ իրականում, դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ՍԴ դիմելու մասին որոշմամբ դիմումի ընդունումը քննության ՍԴ կողմից կոպիտ կերպով խախտելու է այս գործով տուժող կողմի այդ որոշման բողոքարկման իրավունքը՝ հանդիսանալով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից հետեւողականորեն վարվող՝ տուժող կողմի իրավունքների խախտման դատավարական ռազմավարության տրամաբանական շարունակությունը։
Եւ, դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելով տուժողների եւ դատախազության՝ այդ որոշման բողոքարկման իրավունքն իրականում դառնում է ծայրահեղ պատրանքային եւ անարդյունավետ, քանի որ ինչ արժեք ունի, առհասարակ, բողոքարկման մեր իրավունքը, եթե դրանով ակնկալվող արդյունքից (քրեական գործի կասեցման որոշումը վերացնել՝ գործն ըստ էության քննության ուղարկելով) արդեն զրկված ենք լինելու ՍԴ աշխատակարգային որոշմամբ։
Այսինքն, ՍԴ աշխատակազմի այս հայտարարությունն, իրականում, չի տվել (եւ, չէր էլ կարող) դեռ հիմնական հարցի պատասխանը․ այդյո՞ք ՍԴ-ն ապօրինաբար միջամտելու է այս դատավարությանն իր՝ գործը քննության նշանակելու մասին որոշմամբ, թե՞ Սահմանադրության 3-րդ հոդվածի հիմքով ձեռնպահ է մնալու գործը քննության նշանակելուց մինչեւ դատավոր Դ․ Գրիգորյանի ապօրինի որոշման բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը», – ասված է նրա գրառման մեջ։