Քոչարյանի պաշտպանական խումբը` Վճռաբեկ դատարանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այսօր՝ մայիսի 27-ին, արձագանքել է Վճռաբեկ դատարանի հայտարությանը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված ՍԴ որոշումները խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը։
Պաշտպանական խմբի պատասխան հայտարարությունը՝ ստորեւ․
«Մամուլից հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում դժգոհություն են հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2019 թվականի ապրիլի 16-ին թիվ ՍԴՈ-1453 և 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 (վերջին որոշումը կայացվել է պարոն Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա) որոշումներում տեղ գտած գնահատականներից, որտեղ մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների որակմամբ, նման գնահատականները խարխլում են դատական իշխանության 2 մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների վերը նշված հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի քանի պարզաբանումներ ներկայացնել: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների դժգոհությանը, թե Սահմանադրական դատարանը «վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն», ապա նման արտահայտություն պարոն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 07.05.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1459 որոշման մեջ չկա: Հավանաբար, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները նկատի են ունեցել 16.04.2019 թվականին մեկ այլ գործով կայացված թիվ ՍԴՈ-1453 որոշումը: Սակայն, եթե Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, բացի իրենց մտահոգած բառից, հարկ համարեին ուշադրություն դարձնել նաև այն նախադասությանը, առավել ևս՝ այն պարբերությանը, որում այդ բառը տեղադրված է, ապա ավելի ճիշտ պատկերացում կկազմեին այն կոնտեքստի մասին, որում նշված բառն օգտագործվել է: Բերենք նախադասությունն ամբողջությամբ. «Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը, անտեսել է առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, այլ կերպ՝ կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից, ինչը հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ինչպես նաև 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքների խախտմանը:» (տես՝ ՍԴՈ-1453 որոշման 5.10-րդ կետի վերջին նախադասությունը):
Ի դեպ, Սահմանադրական դատարանը նախկինում կայացրել է մի շարք որոշումներ (օրինակ՝ ՍԴՈ-719 որոշումը), որոնցում անհամեմատ ավելի կոշտ քննադատության է ենթարկել դատարանների, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի, իրավակիրառական պրակտիկան: Սակայն Վճռաբեկ դատարանը, անհասկանալի կամ դեռևս չբացահայտված դրդապատճառներով, արձագանքել է միայն վերը նշված որոշումներին:
Իսկ ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների մոտ մտահոգություն առաջացրած մյուս արտահայտությանը՝ «լիազորությունների ըստ էության վերազանցում», ապա նշյալ դատավորներն այս դեպքում ևս բավարար ուշադրությամբ չեն ուսումնասիրեն իրենց կողմից քննադատվող տեքստը: Այդ արտահայտությունը հանդիպում է պարոն Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա 07.05.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1459 որոշման մեջ, սակայն ոչ թե որպես Սահմանադրական դատարանի գնահատական: Այն բերված է որոշման նկարագրական մասի այն հատվածում, որտեղ Սահմանադրական դատարանը պարզապես շարադրել է դիմող կողմի ներկայացրած փաստարկները՝ առանց սեփական գնահատականները ներկայացնելու (տես՝ ՍԴՈ-1459 որոշման 4-րդ էջի 2-րդ պարբերությունը, նույն որոշման 4.7-րդ կետի առաջին նախադասությունը):
Այն, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները այդքան մակերեսորեն են ծանոթացել ուղղակիորեն իրենց վերաբերող ու իրենց իսկ դժգոհությունն առաջացրած՝ Սահմանադրական դատարանի երկու որոշումներին, որոշակի ստվեր է գցում այդ կարևորագույն դատական ատյանի ողջ գործունեության վրա»: