Արտագրությունների համար Ալեքսանդր Ազարյանին կոչումից չեն զրկի. Գոգյան
Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավաբաններից մեկի ատենախոսության մեջ բացահայտել է ավելի քան 15 էջ տեքստ, որը կրկնվում է երկու այլ ատենախոսություններ մեջ, որոնցից մեկը պաշտպանվել է մինչ այդ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը՝ առանց գրագողություն իրականացնողի անունը նշելու։
Մամուլի նախկին հրապարակումների համաձայն՝ խոսքը դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության մասին է, սակայն Գոգյանը հրաժարվեց հաստատել հեղինակի անունը։ Համընկնումները եղել են դատավոր Վազգեն Ռշտունու և Տիգրան Նահապետյանի աշխատանքների հետ։ Իսկ Ազարյանի աշխատանքի պաշտպանությունը եղել է 2005 թվականին։
Ազարյանը, սակայն, ըստ Գոգյանի՝ չի զրկվի իր կոչումից, որովհետև դրա մեխանիզմ չկա, իսկ հիմա ԲՈԿ ղեկավարը նախաձեռնություն է սկսելու, որով նախկինում խախտումով ստացած կոչումներից նույնպես պետք է զրկվեն գրագողերն ու մյուս խախտողները։
Ինչ վերաբերում է բոլորի ատենախոսությունները ստուգելուն, Գոգյանն ասաց, որ իրենք իրավասու են ցանկացած աշխատանքում գրագողության հարցը ստուգել, եթե դրա վերաբերյալ դիմում ստանան ցանկացած քաղաքացուց։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են պաշտոնյաները փորձում գիտական կոչում ստանալ, Գոգյանը պատասխանեց․
«Ինձ թվում է, հոգեբանական պահ կա, երբ քո կյանքում գալիս է լճացում, դու սկսում ես հղփանալ և հղփանալուց հետո փորձում ես ոչ մեկից հետ չմնալ, և գիտական աստիճանը կյանքի ինչ-որ էտապում ոմանց համար դառնում է ինքնահաստատվելու հերթական փուլը՝ եթե սա ունի, ես ինչո՞ւ չունենամ։ Սա վերաբերում է և՛ նախկին իշխանություններին, և՛ միգուցե հիմիկվա, և՛ դրանից հետո եկողներին», – ասաց Գոգյանը։