Դատախազությունը շարունակում է ունենալ սովետական տիպի մոտեցում․ Քոչարյանի փաստաբան
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանն այսօր ասուլիս էin հրավիրել: Լրագրողների հետ զրույցում պաշտպանական կողմի ներկայացուցիչներն ասել են, թե ընդհանուր առմամբ գոհ են նախորդ չորս օրերի դատական գործընթացներից: «Դատավարությունն ընթացել է ընդհանուր առմամբ հարթ: Ամենամեծ բացթողումն այն էր, որ մեղադրական կողմը մեկ անգամով ավելի է հանդես եկել: Անկախ գումարային տևողությունից, ամբողջ աշխարհում ընդունված ընթացակարգն է, որ ելույթները զույգ են լինում: Մնացած առումով կարծում եմ, որ դատավարությունը թափանցիկ, նորմալ է անցել, բոլորը հնարավորություն ունեցան տեսնել: Որոշակի լարված պահեր կային, բայց դա ցանկացած դատավարության ժամանակ տեղի են ունենում: Մնացած առումով ընդհանուր առմամբ գործընթացը դրական ենք գնահատում»,- ասաց Օրբելյանը: Դրանով հանդերձ, փաստաբան Արամ Օրբելյանը նաև նկատել է. «Հայաստանի դատախազությունը շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազական մոտեցում՝ բոլորին պետք է ձերբակալել, բոլորին պետք է կալանքի տակ պահել, որովհետև բոլոր մարդիկ հանցագործ են կամ պոտենցիալ հանցագործ»: Քոչարյանի պաշտպանները նկատեցին, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ դատարանին ուղղված կոչերում նկատելի են անգամ սպառնալիքներ: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նկատեց. «Դատարանին ասել, որ ամբողջ պարտականությունն ընկել է Ձեզ վրա և Դուք եք պատասխանատու այս գործի համար, իրավական չէ և դատարանին լրացուցիչ լարվածության մեջ է դնում՝ առանց այն էլ ստեղծված լարված մթնոլորտում»:

Քաղաքականություն