Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի այցը Չինաստան
Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, աշխատանքային այցի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ganergy Heavy Indusyry Group ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո նախատեսված էր լուսանկարահանում «Սինխուա» լրատվական գործակալության կողմից։ Վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել նաև CCTV լրատվական գործակալությանը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում էր մայիսի 14-ից։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ: Սի Ծինփինն էլ իր հերթին հավելել է, Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: ՉԺՀ նախագահը նկատել է, որ հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը քննարկել է նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: «Մենք կարող ենք սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում` հաշվի առնելով մեր երկու երկրների ընդհանրությունները: Դրա համար առկա է ամուր քաղաքական հիմք»,- ընդգծել է Լի Քեցյանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցությունը արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Վարչապետը Պեկինում մասնակցել է Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով: ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա եղան նաև Պեկինի Ազգային Օլիմպիական մարզադաշտում կայացած գալա համերգին, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Քաղաքականություն