Աշոտյանը Քոչարյանի շուրջ տեղի ունեցողը անվանել է Հայաստանի պատմության ամոթալի էջերից մեկը
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը: Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում գրված և չգրված բազամթիվ օրենքներին: Էջ, որի քայքայիչ ու պառակտիչ ազդեցությանը կնախանձեին արդեն 30 տարի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ տեղեկատվական և քաղաքական դիվերսիաներ կազմակերպող մեր թշնամիները: Իշխանության ղեկը զավթած, այդ փաստից հարբած ու կուրացած և «հազիվ ընկել է ձեռներս՝ տեսեք ինչ եք անում. սկզբունքով առաջնորդվողների կազմակերպած դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքները հերթով հօդս են ցնդում: Այս մարդկային և քաղաքական դրաման ռենտգենյան ճառագայթների նման բացահայտում է մարդկանց բուն էությունը՝ տղամարդկությունն ընդդեմ վախկոտության, բարոյականությունն ընդդեմ ստորության, վեհանձնությունն ընդդեմ ճղճիմության: Ինչ-որ մեկի չար ուղեղում յուր հագրվանը չգտնող մաղձը մեթադաբար փորձում է քանդել երկու հայկական պետությունները, բզկտել մեզ՝ որպես ժողովուրդ, թուլացնել մեզ սոսնձող, մեզ իրար կապող արժեքները: Ու սա անում է մեր իսկ ձեռքերով՝ ջանքեր գործադրելով միացնել ինքնաոչնչացման մեխանիզմը: Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ: Այդ մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն և մի ամբողջ ժողովուրդ: Հետո չասեք, որ չգիտեիք ու չէիք հասկանում, թե ինչ եք անում…»:

Քաղաքականություն