Ինչո՞ւ վարչապետը մասնակցեց միայն ընթրիքին և ոչ՝ կոնֆերանսին․ Մնացականյան
Հայաստանում հնչում են քննադատություններ, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին ու բավարարվեց միայն պաշտոնական ընթրիքին մասնակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղվեց, արդյոք, հիմք ունե՞ն նման քննադատությունները, նախարարը պատասխանեց.
«Գիտեք, որ վարչապետն ուներ իր ծրագիրը: Չեմ կարծում, որ արժի սրա վրա կառուցել մի տեսություն, թե ինչու այսպես պատահեց, որովհետև եղել են տարբեր ղեկավարներ տարբեր մակարդակներով։ Ես մնացել եմ, շարունակել եմ, մասնակցել եմ: Ձեզ հետ միասին մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում այսօր։ Ի դեպ, նորից կրկնեմ, շատ գործնական և շատ լավ այց էր վարչապետի կողմից, որովհետև երեկվա քննարկումները, շփումները շատ գործնական էին, շատ լավն էին. և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով տեղի ունեցան բազմաթիվ շփումներ, գնահատականների, մտքերի բազմաթիվ փոխանակումներ: Այսօր դա շարունակվեց: Գործնական առումով մենք շատ գոհ ենք: Ինչ վերաբերում է, թե ինչու այսպես կամ այնպես, ի վերջո, նորից կրկնեմ` սա շատ կարևոր միջոցառում էր այն առումով, որ սա տասնամյակի նշում էր` շատ լավ կազմակերպված:
Մենք մասնակցեցինք, բայց նաև վարչապետն ուներ մեկ այլ այց, որը նույնպես կարևոր էր և նույնպես պետք էր իրականացնել: Եվ Բրյուսելից մինչև Պեկին հասնելը ժամանակ է տևում, դրա համար կարողացանք հարմարեցնել և բոլորս միասին պայմանավորվել հյուրընկալող կողմի հետ։ Այս ամենը նորմալ է։ Այսինքն, կարիք չկա կառուցելու ենթադրություն, թե ինչու է այսպես, թե այնպես»: