Քաղաքականություն

Կարեն Կարապետյանից մնացած միլիարդների պատմությունը կրկնվում է․ «Ժամանակ»

Կարեն Կարապետյանից մնացած միլիարդների պատմությունը կրկնվում է․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քննարկվում է ներդրումային 83 ծրագիր, ընդհանուր 3,3 միլիարդ դոլար ծավալով, որից 800 միլիոն դոլարի առնչությամբ արդեն կան արված որոշակի քայլեր: Նախարարի այդ հայտարարությունը բավականին հիշեցնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ներդրումային հաշվետվությունները, որը եւս խոսում էր միլիարդների ծրագրերից: Սակայն երբ գալիս է այդ ամենի վերաբերյալ առարկայական հարցերի հերթը, պարզվում է, որ կոնկրետ պատասխանները կամ ցույց տալու գործերը այդքան էլ շատ չեն: Այստեղ փաստացի աշխատում է քարոզչական կամ տեղեկատվական ավանդական տրամաբանությունը, ըստ որի կարեւոր է դիտվում քաղաքացիներին հնչեղ թվեր մատուցելը, միլիարդներից խոսելը: Արդյո՞ք 3,3-ի մեջ կան այն միլիարդներից կամ այն թվերից, որոնց մասին նաեւ Կարեն Կարապետյանն էր խոսում, թե՞ այս դեպքում գործ ունենք բոլորովին նոր մտադրությունների կամ գաղափարների հետ: Բայց, մեծ հաշվով, դա էական չէ, որովհետեւ փաստացի մատուցման տրամաբանության մեջ խնդիրը, ըստ էության, Կարեն Կարապետյանի եւ նախկին համակարգի «միլիարդների» տրամաբանության մեջ է: Միլիոնների կամ միլիարդի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ դրանք կոնկրետանում են, առարկայանում: Եվ հենց դրանց կոնկրետացման ու առարկայացման համար պետք է խոսել շատ հստակ կանոնային փոփոխությունների, տնտեսական գործունեության համար շահեկան դաշտն ընդլայնող օրենսդրական նախաձեռնությունների եւ իհարկե՝ հարկային ռեֆորմի մասին: Միլիարդները գործարար հանրությանը չեն ասում ոչինչ եւ ոչինչ չեն ասում միջին խավին: Դա գուցե առկա «լյումպենի» սպառման նյութ է: Սակայն ժամանակակից աշխարհում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը չի կարող կայուն հիմնվել «լյումպեն» հանրության վրա եւ այդ հանրության վրա էլ ռեֆորմներ կառուցել: «Լյումպենը» ռեֆորմի ռիսկն է, խոչընդոտը, վտանգը, երբեմն թշնամին: Ռեֆորմացիայի շարժիչը կամ հենարանը արդիական հանրային շերտերն են: Իսկ նրանք սպառում են շատ կոնկրետ օրենսդրական քայլերը, ոչ թե «հռչակագրային միլիարդները»: Ըստ այդմ՝ նրանց հարցերն, օրինակ, հարկային օրենսդրության մասին է, որի շուրջ քննարկումները մի կողմից ուշանում են, մյուս կողմից՝ հանրությանն է մատուցվում Հարկային օրենսգրքի փոփոխության տարբերակ, որը, մեղմ ասած, սկզբունքորեն չի տարբերվում նախորդ իշխանության ընդունած օրենսգրքից, ընդ որում՝ դա մասնագետների գնահատմամբ: Սրանք լուրջ հարցեր են, որոնք պետք է լինեն տնտեսական քաղաքականության եւ դրա վերաբերյալ տեղեկատվական քաղաքականության առանցքում, ըստ այդմ՝ նաեւ խորհրդարանական օրակարգում: Վերջին հաշվով, փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի արտահայտությունը, կարող ենք արձանագրել՝ ասեք ինչպիսին է խորհրդարանի տնտեսական օրակարգը, եւ պարզ կլինի, թե ինչպիսին է տնտեսական քաղաքականության տրամաբանությունն ու վեկտորը: Այդ առումով, խորհրդարանի տնտեսական օրակարգը գոնե առայժմ առաջացնում է հարցեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250