Զինվորի ինքնասպանության պատճառը հրամանատարի հայհոյանքներն ու նվաստացումներն են եղել
Վերաքննիչ քրեական դատարանը Տ. Սահակյան, Ս. Համբարձումյան, Ս. Մարաբյան կազմով շարունակեց Նարեկ Չ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Նարեկ Չ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հրթիռային հաշվարկի հրամանատար, կոչումով՝ շարքային, զորամասում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պարբերաբար վիրավորանք է հասցրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, իր ղեկավարած հաշվարկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հ.-ին: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի սկզբից մինչև մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Նարեկ Չ.-ն պարբերաբար, տարբեր առիթներով անհարկի կշտամբել ու դիտողություններ է արել շարքային Սևակ Հ.-ին, հանձնարարել է կատարել զինվորական ծառայության պարտականություններից չբխող, զինվորի համար տհաճ աշխատանքներ՝ հանձնարարել է իր փոխարեն ստանալ ու տեղափոխել իր զինվորական հանդերձանքի պարագաներ, հարդարել իր անկողինը, իր փոխարեն և ընդհանրապես՝ սահմանվածից դուրս կատարել մաքրության աշխատանքներ, Սևակ Հ.-ի կամքին հակառակ նրա ձեռքից վերցրել և օգտագործել է նրա բջջային հեռախոսը՝ այդ բոլոր գործողություններով, անընդհատ հնչեցվող հայհոյական արտահայտություններով, ըստ մեղադրանքի, Նարեկ Չ.-ն անպարկեշտ կերպով ստորացրել է զինվորի պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին տեղեկացնում ենք 1in .am-ից: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 21-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում երեկոյան անվանականչին լինելով վաշտի հերթապահ, Նարեկ Չ.-ն, մոռանալով շարահրապարակ տանել երեկոյան անվանականչի մատյանը, շարքային Սևակ Հ.-ին հանձնարարել է գնալ ու զորանոցից բերել այն, իսկ երբ վերջինս ուշացել է, շարքում մյուս զինծառայողների ներկայությամբ ասել է. «Էդ գ…-ն ի՞նչ էղավ»: Սևակի վերադառնալուց հետո նորից նրան սեռական բնույթի հայհոյանք է տվել ու ավելացրել է. «Հո դեմ չեղա՞ր պալկային»: Լրատվականի փոխանցմամբՙ բացի այդ, 2016 թվականի մարտի 16-ին, «Քուն» հրամանից հետո զորամասի ննջարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Նարեկ Չ.-ն բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Սևակ Հ.-ի նկատմամբ՝ ապտակներ է հասցրել մահճակալին պառկած զինվորին, կսմթել ու երկու կտտոց է հասցրել ու պահանջել. «Ա՛յ, գ…, հլը տուր հեռախոսդ»… Պարբերաբար նման վերաբերմունքի արժանանալով և գտնվելով հոգեկան լարված, տառապագին ու ընկճված վիճակում, 2016 թվականի մարտի 24-ին, ժամը 9-ն անց 10 րոպեի սահմաններում շարքային Սևակ Հ.-ն զորամասի հրաձգարանում ինքն իր վրա կրակոց արձակելով՝ կատարել է ինքնասպանություն: Նարեկ Չ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել զինվորին ինքնասպանության հասցնելու և մյուս մեղադրանքներում: Նա հայտնել է, թե Սևակի հետ ծանոթացել էր դեռ 2015 թվականին ուսումնական զորամասում: Երբ սկսել են միասին ծառայել, ինքը մտերմացել է Սևակի հետ: Պատահել է՝ Սևակն ուրիշ զինվորների հետ խնդիրներ է ունեցել, ինքը միջամտել ու լուծել է հարցերը: Ինքը թույլ չի տվել, որ նա ուրիշների աշխատանքը կատարի: Սևակը հանգիստ բնավորություն ուներ… Դեպքի օրն ինքը գնացել է հրաձգարան, այնտեղ տեսել է Սևակին, ում շրթունքը վնասված էր: Հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Նա պատասխանել է, թե վիճաբանություն է ունեցել Կնյազի հետ: Սևակն ասել է նաև, թե ինքնաձիգը լավ չի կրակում: Ինքը հեռացել է: Նստարանին նստած ծխում էր, երբ կրակոց է լսել: Գնացել ու տեսել է Սևակին՝ ընկած: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինքը լավ չի զգացել, արտասվել է: Եկել են ռազմական ոստիկանության աշխատողները, հարցրել են՝ ովքե՞ր են մտերիմ եղել Սևակի հետ: Ինքն ասել է՝ ես եմ եղել: Իրեն տարել են ՌՈ բաժին, պահել են անազատության մեջ: Այնտեղ իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Իրեն ասել են՝ եթե մեզ օգես, մենք էլ քեզ կօգնենք, գործը դատարան չենք ուղարկի: Բայց ուղարկել են դատարան: Ըստ ամբաստանյալի՝ ինքը եղել է Սևակի միակ ընկերը: Որպես ընկերներ՝ իրար հետ կատակներ են արել, բայց ինքը Սևակին չի նվաստացրել, չի հայհոյել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել: Նարեկ Չ.-ն ենթադրություն է հայտնել, թե շարքային Սևակ Հ.-ն ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ զենքի հետ առաջացած խնդիրների պատճառով է մահացել, Սևակն ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել: Նա իր նոթատետրում գրառումներ է կատարել ծառայությունից հետո ունեցած բազմաթիվ ծրագրերի մասին… Նախաքննական ցուցմունքում Նարեկ Չ.-ն նշել է, որ Սևակի հետ հայհոյանքներով է խոսել, դա կրել է մշտական բնույթ: Սևակը չի պատասխանել իրեն, միայն խնդրել է մյուս զինծառայողների ներկայությամբ իր հետ այդպես չխոսել… Դատարանը եզրակացրել է, որ Նարեկ Չ.-ի դատաքննական ցուցմունքն արժանահավատ չէ: Զինվորի նկատմամբ կիրառված բռնության որոշ դրվագներով Նարեկ Չ.-ի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Նարեկ Չ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով, 358.1 հոդվածի 1-ին մասով, 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 3 ամիս 5 օր ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Նարեկ Չ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պահանջելով խստացնել պատիժը՝ Նարեկ Չ.-ին դատապարտել վերջին հաշվով 6 տարի 3 ամիս 5 օր ազատազրկման: Դատավճիռը բողոքարկել են նաև Նարեկ Չ.-ի շահերի պաշտպանները՝ պահանջելով արդարացնել նրան: Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննական մարմինը այս գործով կենտրոնացել է մեկ՝ ինքնասպանության վարկածի վրա: Մինչդեռ եթե երիտասարդը 2016 թվականի սկզբին հեռահար ծրագրեր է կազմել 2017-2018 թվականների համար, եթե զինվորը դեպքին նախորդած գիշերը հոր հետ հեռախոսազրույցում սննդամթերք ու հիգիենայի պարագաներ է ուզել, արդյո՞ք նա ցանկություն կունենար ինքնասպան լինելու: Հոր հետ գիշերային հեռախոսազրույցից, առավոտյան վաղ սափրվելուց, իր հիգիենայով զբաղվելուց հետո՝ մի քանի ժամվա ընթացքում ի՞նչ պիտի տեղի ունենար, որ երիտասարդը չկարողանար հաղթահարել ու վերջ տար կյանքին: Նոթատետրում կատարած գրառումներում Սևակն ինքն իրենից պահանջել է. «Դառնալ ավելի աշխատասեր… Թքել հոգնած լինելու վրա… Դառնալ ավելի պատասխանատու… Չուշանալ… »: Գրառումներում Սևակը «խոսել» է իր հետ, ինքն իրեն առաջադրանքներ է տվել. «Ինչքան կարող ես՝ աշխատիր քո վրա… քո մարմնի վրա… Շատ վատ բնավորություն ունես… Քեզ փոխի, որ իսկական տղամարդ դառնաս… Շուտ զարթնիր… Գործերդ շուտ ավարտիր… Ամեն օր մաքրիր կոշիկներդ, ֆիզիկապես ու մտավոր զարգացիր… Կամքիդ ուժն արթնացրու… Լվա մայկեդ ու տրուսիկդ… Երկու ամսում շարայինդ դզի, բանակը քեզ կտա կամք…»: Պաշտպանական կողմը ոչ արհեստավարժ ու անհամոզիչ է համարում հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, թերի է համարում տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ նշելով, թե վերջինի մեջ չի պատասխանվել երկու կարևոր հարցերի՝ կրակոցն ընդհո՞ւպ է եղել, զենքի փողը հպվա՞ծ է եղել տուժողի ճակատին, և՝ կրակոցի պահին ի՞նչ դիրքում է եղել տուժողը: Պաշտպանական կողմի կարծիքով՝ նման պայմաններում պետք է նշանակվեր դիակի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն՝ բոլոր կարևոր հարցերի պատասխանները ստանալու համար, սակայն առաջին ատյանի դատարանը այդ միջնորդությունը մերժել է: Դատական այս նիստին պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ու ընդհանրացումները «մի քանի բառով շեշտեց» փաստաբան Վ. Հովհաննիսյանը: Առավել մանրամասն՝ 1in .am-ում

Քաղաքականություն