Հայաստանի կանայք՝ հեղափոխությունից դեպի իշխանություն
Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ կանայք կարող են դառնալ քաղաքական պայքարի հաջողության գրավական: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հասարակական կոմիտեի շրջանակներում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված համաժողովում հայտարարել է քաղաքագետ Աննա Օհանյանը: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունից:
Նրա կարծիքով` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը համաշխարհային նշանակություն ունի, քանի որ մինչ ամբողջ աշխարհում, այդ թվում և Եվրոպայում գրանցվում է ժողովրդավարության մակարդակի անկում, Հայաստանն այն եզակի երկրներից էր, որ ընտրեց ճիշտ ուղի.
«Հայաստանը, գտնվելով ավտորիտար հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի կողքին, իրականացրեց «Թավշյա հեղափոխություն»՝ թռիչքային աճ ապրելով հարևանների նկատմամբ»:
Օհանյանի խոսքով` հեղափոխության ընդդիմադիրների կողմից այն «գունավոր հեղափոխություն» որակելու բոլոր փորձերը տապալվեցին, քանի որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ինքը թույլ չտվեց «Թավշյա հեղափոխությանը» միջամտել ոչ՛ Ռուսաստանին, ոչ՛ Արևմուտքի որևէ ուժի.
«Հայաստանում կանայք, զրկված լինելով իշխանական կառույցներում կշռուն ուժից, կենտրոնացել էին քաղաքացիական հասարակության խնդիրների վրա։ Հեղափոխության օրերին մեծաթիվ կանայք մասնակցեցին բողոքներին՝ երաշխավորելով այդ բողոքների խաղաղ բնույթը»:
Համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն ընդգծեց՝ խորհրդարանում ներկայացված կին պատգամավորները միավորված են կանանց իրավունքների օրակարգն առաջ տանելու շուրջ.
«Անշուշտ, մենք չենք նախատեսում սահմանափակվել օրենսդրական ոլորտով: Մեզ անհրաժեշտ է այս հարցի շուրջ աշխատել հասարակության հետ ուղղակիորեն, որպեսզի հաղթահարենք կանանց նկատմամբ ձևավորված կարծրատիպերը»:
CIVICUS կազմակերպության ներկայացուցիչ Ալեքս Սարդարը, ընդգծելով կանանց որոշիչ դերը «Թավշյա հեղափոխության» մեջ, հիշեցրեց, թե ինչպես էին հեղափոխության որոշիչ օրերին ոստիկանները ձերբակալել Նիկոլ Փաշինյանին եւ հեղափոխության մի քանի այլ առաջնորդներին.
«Եվ հենց կին առաջնորդներն էին՝ Աննա Հակոբյանը, Ռուզաննա Գրիգորյանը, որ հարթակ բարձրացան և ստանձնեցին առաջնորդությունը: Եվ առաջին անգամ մենք լսեցինք կանանց ձայնը»:
Ալեքս Սարդարի խոսքով, չնայած առաջընթացին, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Այս կապակցությամբ Սարդարը կոչ արեց Հայաստանի քաղաքացիների լայն աջակցությունը վայելող կառավարությանն օգտագործել այդ աջակցությունը, նախկինում հայ հասարակության շրջանում տաբուացված կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության վերացման հարցերը բարձրացնելու և դրանց լուծում գտնելու համար: