Եթե կոռուպցիոն սխեմա է գործել, պետք է պատժվեն. Հակոբյանըՙ 11,000 նպաստառուի վարկ տալու մասին
Կարծում եմ, որ անփութության հարց է եղել, հետևողական չեն եղել: Այս մասին Tert am-ի հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հրապարակմանը, ըստ որի՝ այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում:
«Եթե պարզվի, որ անփութություն է եղել, հետևողական չեն եղել և ով դիմել է, նպաստ են տվել, չեմ կարծում, որ դրա համար արժե մարդկանց պատասխանատվության ենթարկել: Բայց եթե պարզվի, որ ինչ-որ կոռուպցիոն սխեմա է գործել, և վարկ փակող չակերտավոր նպաստառուները ինչ-որ գումար են տվել, որ իրենք էլ դառնան նպաստառու և դա համակարգվել է ինչ-որ մի տեղից, բնականաբար, պետք է որ որոշ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց նա:
Հարցին, թե 11 հազարի դեպքում ինչպես կարող է անփութություն լինել, նա ասաց, որ հենց այդ թիվն է մտահոգիչ համարում: «Բայց միևնույնն է, ես փորձում եմ մի քիչ լավատեսորեն նայել և մտածել, որ անփութության հետևանք է և ոչ թե կոռուպիցոն սխեմա»,-ասաց նա: