Ծառուկյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել. ՀՔԾ
ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում բռնցքամարտի ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովի ծեծի գործով որոշում է կայացվել չիրականացնել քրեական հետապնդում Գ. Ծառուկյանի նկատմամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
Պատասխանում մասնավորապես նշվում է, որ որոշվել է Ծառուկյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջական ծանր վնաս պատճառելը), 118-րդ հոդվածով (ծեծը կամ այլ բռնի գործողություն կատարելը), 334-րդ (հանցագործություն պարտակելը) եւ 38-334-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագորրծությունը պարտակելուն օժանդակելը) քրեական հետապնդում չիրականացնել ՀՀ Քրեական դատավարության օրենսքգրի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, այն է` հանցակազմի բացակայությունը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 2-ին. մարզիկի հայրը ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» ՀԲԿ էր տեղափոխվել ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահից, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում բռնցքամարտիկների եւ օլիմպիական կոմիտեի ղեկավարության միջեւ։
Հանդիպմանը Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի միջեւ։
Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ օրերին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ գործն ուղարկել են ՀՔԾ, քանի որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ», ինչը, փաստորեն, ՀՔԾ-ում չի հաստատվել։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱՕԿ նախագահի խորհրդական, ներկայումս պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ ծանր մարմնական վնասվածքի պատճառում՝ մի խումբ անձանց կողմից, որը, սակայն, հետագայում փոփոխվել էր 112 -րդ հոդվածի 1-ին մասի` ծանր մարմնական վնասվածքի պատճառում։ Փետրվարի 14-ին գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան։ Գործով առաջին նիստը նշանակված է մարտի 21-ին։