10:00 Լուրերը մեկ տողով. Թրամփի «հալած յուղի պես» պատերազմը. Իսակովի պողոտան կաթվածահար է
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին։ Հանդիպումն անցկացվում է Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում՝ ներառելով նաև քննարկումներ վրացի գործընկերների հետ։
•Էդմոն Մարուքյանը քննադատել է իշխանություններին ԱՄՆ-Իրան բանակցությունների համար Երևանը որպես հարթակ չառաջարկելու համար։ Քաղաքական գործիչը նկատել է, որ «խաղաղության խաչմերուկի» փոխարեն բանակցություններն ընթանում են Իսլամաբադում։
•Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողություններն ընթանում են «հալած յուղի պես» և շուտով կավարտվեն։ ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ շրջափակումը գործում է գերազանց և հաստատված է ամուր հիմքերի վրա։
•ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտությունը շուտով կավարտվի։ Թրամփը նշել է, որ այս փուլում իր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի իրադարձությունների վրա։
•Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանին հնարավոր չէ ծնկի բերել արտաքին ճնշմամբ։ Ռոբերտ Ֆիցոն քննադատել է Եվրամիության մոտեցումները՝ նշելով, որ Ուկրաինային աջակցելը չի թուլացնի Ռուսաստանին։
•ԱՄՆ-ն մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի մուտքն ամերիկյան նավահանգիստներ արգելող որոշումը։ Համապատասխան փաստաթուղթն արդեն հրապարակվել է ԱՄՆ պետական ռեեստրում։
•Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել Թրամփի՝ «ամբողջ նավթը վերցնելու» ցանկությանը։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը շեշտել է, որ Ռուսաստանը ռեսուրսներով կկիսվի միայն իրեն հետաքրքրող երկրների հետ։
•Լիբանանում տոնում են Իսրայելի հետ կնքված 10-օրյա հրադադարը։ Դոնալդ Թրամփը հորդորել է «Հեզբոլլահին» ճիշտ գործել և վերջ տալ սպանություններին։
•ԱՄՆ ռազմածովային ուժերը ստիպել են իրանական նավթակիր նավին վերադառնալ նավահանգիստ։ Գործողությունն իրականացվել է Հորմուզի նեղուցի շրջափակման շրջանակներում՝ կանխելով 2 միլիոն բարել նավթի տեղափոխումը։
•Իսակովի պողոտայում երթևեկությունը կրկին կաթվածահար վիճակում է։ Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում են մայրաքաղաքի տրանսպորտային մեծ խցանումները։