«Ֆլեշ»-ը բենզինին ավիակերոսին չի խառնում. ընկերությունը հերքում է
Վառելիքի վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը հերքում է «Ժամանակ» օրաթերթում հրապարակված տեղեկությունը, թե բենզինի հետ ավիակերոսին են խառնում եւ վաճառում սպառողներին։
Լուրը հրապարակելուց հետո «Առաջին լրատվական»-ի հետ կապվեց ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, որը կտրականապես հերքեց տեղեկությունը, նշեց, որ իրենց ընկերության համար նման քայլն անթույլատրելի կլիներ։
««Ֆլեշ» ընկերությունը շուրջ 25 տարի բենզինի շուկայում է, եւ իր գործունեությունը ծավալում է «Բարի համբավը ամենաթանկ կապիտալն է» կարգախոսով։ Դա անթույլատրելի արարք կլիներ եւ հարիր չէ մեր ընկերությանը։ Հերքում ենք այդ տեղեկությունը»,- նշեց Բարսեղ Բեգլարյանը։
«Ժամանակ» թերթը գրել է, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ օդանավակայանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղվել և նույնիսկ մինչև հիմա էլ զբաղվում են օդանավակայանի համար ավիակերոսինի ձեռքբերմամբ և այն ՀՀ-ում գործող որոշ խոշոր բենզին ներկրող ընկերություններին վերավաճառելով, որոնք էլ ավիակերոսինը խառնելով բենզինի հետ՝ վաճառել են սպառողներին:
«Ամբողջ գաղտնիքն այն է, որ կերոսինի մաքսազերծումը չի կատարվում ակցիզային հարկի կիրառմամբ, այդ իսկ պատճառով անհամեմատ էժան է բենզինի մաքսազերծման գնից: Մեզ հասած տեղեկություններով՝ նման եղանակով ավիավառելիքը ՀՀ-ում վերավաճառվել է «Մաքս գրուպ» և «Ֆլեշ» ընկերությունների միջոցով, այսինքն՝ այն կազմակերպությունների, որոնք անմիջական կապ ունեն Սերժ Սարգսյանի և նրա փեսայի հետ»,- նշել էր թերթը: