«Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» նկատմամբ կիրառվել է վարչական տույժ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց, այն է՝ ««ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» և ««Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին»: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։
Անդրադառնալով օրակարգային առաջին հարցին՝ ««ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին», պարոն Հակոբյանը նշել է, որ դեռևս 2019 թվականի հունվարի 10-ին Հանձնաժողով մուտքագրված դիմում-բողոքում նշված «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության կողմից խախտում կատարելու փաստի վերաբերյալ հարուցվել է վարույթ: Սակայն օրեր անց ընկերության կողմից պարզաբանում է ներկայացել, որի արդյունքում Իրավատերը (դիմումատուն) հրաժարվել է իր դիմումից և հարուցված վարչական վարույթը շարունակելու անհրաժեշտություն չկա:
Օրակարգային երկրորդ հարցով քննարկվել է «Հ3» հեռուստաընկերության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում առանց իրավական հիմքերի ոչ սեփական հեռուստահաղորդումները վերահեռարձակելու պատճառով վարչական տույժ կիրառելու մասին հարցը: Ընկերության ներկայացուցիչ Նաիրա Սիմոնյանը Հանձնաժողովին է ներկայացրել պարզաբանումներ:
Քվեարկության արդյունքում միաձայն որոշում է կայացվել «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթը կարճելու և «Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում կիրառելու համար: