ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հարբած վիճակում Toyota-ով բախվել է BMW-ին ու դիմել փախուստի. հայտնաբերել են ԱԱԾ-ի բակում
Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ալբերտ Հովհաննիսյանը և Սեյրան Ալեքսանյանը՝ Սայաթ-Նովա պողոտայում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Toyota մակնիշի 17 ՕN 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները: Այս մասին հայտնում է shamshyan com-ը:
ՃՈ ծառայողները հետապնդել են նշված ավտոմեքենային, որը փախուստի դիմելով, Սայաթ-Նովա պողոտայից մտնելով Նալբանդյան փողոց, փորձել է թաքնվել ԱԱԾ-ի բակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նորահայտ «կասկադյորը» չի կարողացել խույս տալ Ճանապարհային ոստիկանների հետապնդումից ու արդեն տեղում պարզվել է, որ վարորդը՝ 44-ամյա Անդրանիկ Պողոսյանը, Սայաթ-Նովա պողոտայում Toyota-ով հարվածել է BMW մակնիշի В999МP 190 RUS համարանիշի ավտոմեքենային ու դիմել փախուստի:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվում է, որ BMW-ի վարորդը եղել է սթափ, իսկ Toyota-ի վարորդ Ա. Պողոսյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:
Է. Շահսուվարյանի հանձնարարականով Toyota-ն տեղափոխվել է Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում Toyota-ի վարորդը փորձել է ՃՈ ոստիկաններին համոզել, որ իր խմածությունը չարձանագրվի, ավտոմեքենան էլ չտեղափոխվի «ԳԱԻ պլաշչադկա», ու փորձում էր ինչ որ զանգերի միջոցով իր խնդիրը լուծել, սակայն նրա համար Ճանապարհային ոստիկանները անդրդվելի էին: