Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել. Արմեն Գեւորգյան
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ հետաձգեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով դատական նիստը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործով մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը: Նիստի ավարտից հետո Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայտարարությամբ է հանդես եկել, ներկայացրել, իր կարծիքով, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին, խնդրել, որ արվի ամեն ինչ՝ գործի անաչառության, օբյեկտիվության և հանգսիտ մթնոլորտում քննության համար: Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 3-ին «Օրակարգին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է՝ Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր (նախկին) Վալերի Պողոսյանի վրա։ Մեր հարցին, թե այնուամենայնիվ ճնշում գործադրե՞լ եք նախկին դատավորի նկատմամբ, Գեւորգյանը պատասխանեց. «Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել»: Հարցին Ռոբերտ Քոչարյանից ինչ-որ հրաման ստացե՞լ է՝ Մարտի 1-ի գործի հետ կապված, Գևորգյանը նշեց, որ ինքն այժմ գտնվում է այնպիսի կարգավիճակում, որ չի կարող որևէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերի մասին: «Ես հասկանում եմ, որ համբերության խնդիր կա, ժամանակի խնդիր կա, նորությունները տարածելու, լուերը տարծելու խնդիր կա, բայց խնդրում եմ համբերություն: Ես գործի հետ կապված մանրամասները չեմ կարող մատնանշել», - ասաց Արմեն Գևորգյանը:

Քաղաքականություն