ՈՒՂԻՂ․ Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը
Մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը. ԱԺ-ը գումարել է անդրանիկ նիստը։ Օրակարգում ընդգրկված է 7 հարց:
Այսօր խորհրդարանը ձևավորելու է հաշվիչ հանձնաժողով, ապա ընտրելու է ԱԺ նախագահ, ԱԺ փոխնախագահներ:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ստեղծումը 4-րդ հարցն է, այնուհետև կընտրվեն այդ հանձնաժողովների նախագահները:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագիծը, ինչպես նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստը նախքան նախագահի ընտրվելը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ այս դեպքում«Իմ քայլը» խմբակցությունից Կնյազ Հասանովը:
ԱԺ կանոնակարգ օրենքը նաև նախատեսում է, որ նախագահի ու փոխնախագահների ընտրություններն անցկացվում են փակ, գաղտնի քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ ըստ նախնական հայտարարությունների՝ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: ԱԺ 3-րդ փոխնախագահը պիտի լինի ընդդիմադիր խմբակցությունից: Ընդդիմադիր 2 խմբակցություններն էլ՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», թեկնածուներ են առաջադրել՝ Վահե Էնֆիաջյանին և Մանե Թանդիլյանին համապատասխանաբար: