ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի հարցազրույցը
«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նաև «Մարտի մեկի» գործով դատապարտված Արամ Բարեղամյանը: Ըստ գործի նյութերի՝ Մարտի մեկի իրադարձություններին նրա մասնակցությունը պարզելու համար Վահագն Հարությունյանը ենթադրյալ բռնություն է գործադրել Բարեղամյանի նկատմամբ: Հենց այս ցուցմուքն էլ դրված է Հարությունյանին առնչվող երկու նոր մեղադրանքներից մեկի հիմքում: NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը խոսել է իրեն վերագրվող նոր մեղադրանքների, դատարանի կողմից Ամանորի նախօրեին երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու, Մարտի մեկի գործի բացահայտման, Հայաստան վերադառնալու և այլ հարցերի շուրջ:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հատված․
«-Հնարավո՞ր է երկու նոր դրվագներով Ձեզ որպես մեղադրյալ ներգրավվելը հետևանքն է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին Ձեր կողմից վերջերս հնչեցրած կոշտ գնահատականների:
-Այն, որ մեղադրանքն անձնավորված է, դա միայն Սասուն Խաչատրյանով պայմանավորված չէ: Միայն նա չէ այս ամենը որոշում, շատ բաներ ուղղակի թելադրում են նրան, և այդ որոշումները նաև գրած տալիս են: Իմ վրդովմունքը Սասուն Խաչատրյանի խամաճիկ լինելուց է, որ առանց մտածել՝ անում են քայլեր, որոնց համար վաղը, չգիտեմ, ոնց են պատասխան տալու:
-Այս ընթացքում Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալու խոստման դիմաց դադարեցնել ձեր նկատմամբ քրեական հետապնդումը:
-Նման առաջարկներ եղել են թե՛ մինչ ինձ մեղադրանք առաջադրելը, և թե՛ դրանից հետո: Այս ընթացքում էլ կրկին առաջարկ եմ ստացել իրենց ցանկալի արդյունքների կամ վարկածի վերաբերյալ ցուցմուքններ տալու, որպեսզի խուսափեմ հետագա հետապնդումից: Սակայն պատասխանները եղել են միանշանակ և շատ կոշտ:
- Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը:
-Անհիմն մեղադրանքին հապճեպ էլ ավելի անհիմն մեղադրանք ավելացնելը վկայում է այն մասին, որ ՀՔԾ-ն, պարոն սուպեր Սասունի գլխավորությամբ պատրաստ է գնալ ցանկացած քայլի, ցանկացած ծավալի ապօրինության:
-Կարելի՞ է ասել, որ այսօր Մարտի մեկի գործը լիովին բացահայտված է:
-Ի՞նչ ասել է բացահայտել կամ ի՞նչն ենք ուզում բացահայտել: Այս գործով ժամանակին ահռելի ծավալի քննություն է կատարվել: Այն, որ տեղի են ունեցել զանգվածային անկարգություներ, Սասունը չէ, Սասունի նման 700 Սասուն էլ գան՝ չեն կարող վիճարկել, որովհետև կան ակնհայտ բաներ, որոնք ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չես կարող անտեսել. այրված մեքենաներ, վիրավորված մարդիկ, թալանված խանութներ և այլն: Կան տեսանյութեր, բազմաթիվ այլ ապացույցներ, և ինչքան էլ ուզում ես սուպեր Սասուն եղիր, գերազանց աշխատելու ցանկություն ունեցիր, որևէ բան ասել չես կարող: Մեր հասարակության համար Մարտի մեկի հիմնական բացահայտում ասածը ասոցացվում է 10 անձանց սպանությունների հանգամանքների բացահայտման հետ»: