Հասկանու՞մ եք՝ ինչ է կատարվել․ Աշոտյանը՝ նախարարությունների օպտիմալացման մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյբուքjան էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման խնդրին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի՝ անկախ անձերից: 2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ որոնց համար պատմության բերումով մշակույթը նաև քաղաքական իմաստ ունի: Որևէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել մշակնախը: Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ այս տարվա մեծագույն հարվածը մենք իրականում ստացել ենք UNESCO-ում, որտեղ մերոնց անգործության և դիլետանտիզմի պատճառով ադրբեջանցիները կարողացան գրանցել իրենց քոչարիանման պարը, այն էլ երբ անցյալ տարի մեր ջանքերով քոչարին արդեն գրանցաված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայկական երևույթ: Այս պատմության ամենավտանգավոր պահն այն է, որ ադրբեջանցիները այդ պարը գրանցել են, ուշադրությո՛ւն, որպես Նախիջևանի տարածաշրջանային պար: Հասկանու՞մ եք՝ ինչ է կատարվել: 3. Ժամանակին սփյուռքի նախարարություն ստեղծելը երկու հիմնական նպատակ ուներ․ ա. ԱԳՆ-ն չէր կարողանում համարժեք լինել Սփյուռքի ներուժը ամբողջությամբ օգտագործելու հրամայականին, բ․ դա նաև լրջագույն ուղերձ էր արտաքին քաղաքականության մեջ, հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մարտահրավերները: Պատահական չէր, որ Ադրբեջանը մեզանից հետո նույնպես փորձում է ինստիտուցիոնալիզացնել իր աշխատանքը այդ ոլորտում: Ակնհայտ է, որ մեր այսօրվա ԱԳՆ-ն չի կարողանալու լիարժեք լուծել առկա խնդիրները: 4. Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել: Այսօրվա իշխանությունների կողմից աջուձախ իրականացվող, կասկածելի հիմնավորմամբ և արդյունավետությամբ ճոխ ծախսերի ֆոնի վրա հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ»:

Քաղաքականություն