Արևմտյան Եվրոպայում ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել
Արևմտյան Եվրոպայում գրանցվել են դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն ու հուլիսը։ Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է անոմալ ամռան՝ ամբողջ տարածաշրջանում առաջացնելով ուժեղ շոգ, երաշտ և անտառային հրդեհներ։ Այս մասին վկայում են Copernicus Climate Change Service-ի տվյալները։
Եվրոպան աշխարհում ամենաարագ տաքացող մայրցամաքն է։ Դեռ մայիսին սկսված ուժեղ շոգը հանգեցրել է բազմաթիվ անտառային հրդեհների, երկարատև երաշտի և մի շարք երկրներում ջերմաստիճանային նոր ռեկորդների։ Կանխատեսումների համաձայն՝ գերտաքացման հետ կապված մահերի թիվը կարող է հասնել հազարների։
Վիճակագրական տվյալներով՝ 2026 թվականն այս պահին աշխարհում շոգի մակարդակով երրորդ տեղում է՝ զիջելով 2024 և 2025 թվականներին։
Copernicus-ի տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայում հունիս-հուլիս ամիսների միջին ջերմաստիճանը կազմել է 21,62°C՝ գերազանցելով 2022 թվականի նույն ժամանակահատվածում սահմանված ռեկորդը։
Գիտնականների գնահատմամբ՝ մեծանում է հավանականությունը, որ մինչև տարեվերջ 2026 թվականը կարող է գերազանցել 2024 թվականը և դառնալ դիտարկումների պատմության ամենաշոգ տարին կամ առնվազն մոտենալ այդ ցուցանիշին։ Դա կարող է պայմանավորված լինել մարդածին գլոբալ տաքացման արագացմամբ և Էլ Նինյոյի ազդեցությամբ։
Copernicus-ի տվյալներով՝ հուլիսին ոչ բևեռային օվկիանոսներում գրանցվել է հուլիս ամսվա համար ծովի մակերևույթի ամենաբարձր միջին ջերմաստիճանը՝ 20,96°C։ Նախորդ՝ 2023 թվականի ռեկորդը 20,89°C էր։
Միևնույն ժամանակ, հուլիսին օդի համաշխարհային միջին մերձմակերևութային ջերմաստիճանը կազմել է 16,90°C։ Այսպիսով՝ այն դարձել է դիտարկումների պատմության երկրորդ ամենաշոգ հուլիսը՝ հավասարվելով 2024 թվականի ցուցանիշին։
Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կլիմայական ռազմավարության ղեկավար Սամանթա Բերջեսի խոսքով՝ բարձր ճնշման կայուն գոտիները շոգը պահել են Արևմտյան Եվրոպայի վրա, իսկ ծայրահեղ ջերմաստիճաններն ավելի են խորացրել երաշտը։ Հողի չորացման հետևանքով նվազում է բնական սառեցման հնարավորությունը, ինչի պատճառով ջերմությունն ավելի արագ է կուտակվում։
Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ուժեղացնում ջերմաստիճանային ծայրահեղությունները, իսկ շոգն ու երաշտն ավելի հաճախ են փոխադարձաբար խորացնում միմյանց։
Միևնույն ժամանակ Ալբանիայի կենտրոնական հատվածում՝ Կրույա քաղաքում բնակելի թաղամասերին սպառնացող անտառային հրդեհը վերահսկողության տակ է վերցվել։ Հրդեհի դեմ պայքարել է շուրջ 300 հրշեջ, իսկ օդից աշխատանքներին մասնակցել է երեք ռազմական ուղղաթիռ։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտնել է, որ բնակիչներից ոչ ոք չի տուժել, սակայն այրվել է մեկ պահեստ։
Իսպանիայի հարավային Ուելվա նահանգում, սակայն, հրդեհը շարունակում է տարածվել։ Իշխանությունները տարհանել են շուրջ 470 բնակչի։ Կրակն արդեն ընդգրկել է մոտ 4 հազար հեկտար տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 500 հրշեջ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանման 60 զինծառայող։ Նրանց աջակցում է մոտ 20 օդանավ։
Իսպանիայի համար այս ամառը հատկապես ծանր է անտառային հրդեհների առումով․ տարբեր շրջաններում բռնկված հրդեհների պատճառով արդեն հազարավոր մարդիկ են տարհանվել։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ բոլորիս տղաները ծառայեն 1,5 տարի. բողոքի ակցիա կառավարության մոտ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...