Քաղաքականություն

Կառավարությունը նոր ֆինանսավորում է հատկացրել ճանապարհաշինության, COP17-ի և այլ ծրագրերի համար

Կառավարությունը նոր ֆինանսավորում է հատկացրել ճանապարհաշինության, COP17-ի և այլ ծրագրերի համար
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով տարբեր պետական ծրագրերի իրականացման համար հատկացվել է ընդհանուր առմամբ ավելի քան 62 մլն դոլար։Ամենախոշո�…

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով տարբեր պետական ծրագրերի իրականացման համար հատկացվել է ընդհանուր առմամբ ավելի քան 62 մլն դոլար։


Ամենախոշոր ֆինանսավորումը նախատեսվել է ճանապարհաշինության ոլորտի համար։ Մասնավորապես, կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների վերանորոգման նպատակով հատկացվել է 1,615 մլրդ դրամ (մոտ 4,4 մլն դոլար)։ Աշխատանքները կիրականացվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում։


Բացի այդ, 76,4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների 10 հատվածների վերանորոգման համար հատկացվել է 3,72 մլրդ դրամ (մոտ 10 մլն դոլար), իսկ 63,5 կմ ճանապարհների շինարարական աշխատանքների համար՝ 15,65 մլրդ դրամ (մոտ 43 մլն դոլար)։ Ընդհանուր առմամբ ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորումը գերազանցում է 57 մլն դոլարը։


Կառավարությունը լրացուցիչ 120,8 հազար դոլար է հատկացրել նաև Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման համար։ Միջոցները կուղղվեն «Երկրի բանակցությունների տեղեկագիր» (Earth Negotiations Bulletin, ENB) զեկույցի պատրաստմանը, համաժողովի լուսաբանմանն ու դրա արդյունքների վերաբերյալ վերլուծական նյութերի հրապարակմանը։


Մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար արտերկրում գործող 51 դիվանագիտական ներկայացուցչություններին տրամադրվել է շուրջ 1 մլն դոլար։ Նախատեսվում են համերգներ, ցուցահանդեսներ, գրքի և լուսանկարչական ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համաժողովներ և թեմատիկ քննարկումներ։


Կառավարության պահուստային ֆոնդից 25,99 մլն դրամ (մոտ 71,5 հազար դոլար) է հատկացվել նաև Ազգային ժողովի շենքում արտաքին վերելակի կառուցման համար։


Սիրիահայերին Հայաստանի անձնագրեր տրամադրելու և փոխարինելու, ինչպես նաև պետական տուրքերի վճարման նպատակով հատկացվել է 29,6 մլն դրամ (մոտ 81,5 հազար դոլար)։ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Դամասկոսի դեսպանատան և Հալեպի գլխավոր հյուպատոսության միջոցով տրամադրվել է 489 անձնագիր։


Բացի այդ, մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը հատկացրել է 1,261 մլրդ դրամ (մոտ 3,4 մլն դոլար)՝ շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250