Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը դադարեցվել է. BBC
MarineTraffic նավերի ստուգման ծառայության տվյալներով՝ Հորմուզի նեղուցով իրենց տեղորոշումը փոխանցող որևէ առևտրային նավ չի անցել։ Չի բացառվում, որ որոշ նավեր նեղուցն անցել են՝ անջատած լինելով իրենց հաղորդիչ համակարգերը։
Իրանի Պարսից ծոցի նեղուցների վարչությունը (PGSA) կիրակի հայտարարել էր, որ նեղուցով երթևեկությունը «ներկայումս հնարավոր չէ»՝ տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի «ապօրինի գործողությունների» պատճառով։
Kpler-ի նախնական տվյալներով՝ կիրակի նեղուցով անցել է ընդամենը 8 առևտրային նավ, մինչդեռ շաբաթ օրը դրանց թիվը 21 էր, իսկ ուրբաթ՝ 14։ Ութ նավերից միայն երկուսն են փոխանցել իրենց տեղորոշումը, և երկուսն էլ նեղուցն անցել էին մինչև Իրանի հայտարարությունը։ Մնացած վեցը երթևեկել են այսպես կոչված «անջատված ռեժիմով» (dark)՝ առանց տեղորոշման ազդանշան փոխանցելու։ Այս մասին տեղեկանում ենք BBC news-ից:
Միևնույն ժամանակ Reuters-ը հայտնում է, որ կիրակի նեղուցով անցել է ընդամենը 6 նավ, ինչը վերջին հինգ շաբաթվա ամենացածր ցուցանիշն է։ Դրանց թվում են եղել շուրջ 2 միլիոն բարել իրանական նավթ տեղափոխող Humanity նավթատարը և մոտ 500 հազար բարել քուվեյթյան նավթամթերք տեղափոխող Capetan Andreas նավը։
Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ հակամարտությունը փաստացի կանգնեցրել է ավելի լայն հակամարտության դադարեցման ուղղությամբ ընթացող գործընթացը։ Թեև Իրանը Վաշինգտոնի հետ ժամանակավոր համաձայնության շրջանակում պարտավորվել էր բացել նեղուցը, այն շարունակում է հարվածներ հասցնել այն առևտրային նավերին, որոնք, իր պնդմամբ, օգտագործում են չարտոնված երթուղիներ։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարում են, որ վերջին հարվածների արդյունքում շարունակել են թուլացնել Իրանի հնարավորությունները՝ միջազգային նավագնացության վրա հարձակումներ իրականացնելու հարցում, և պնդում են, որ նեղուցը շարունակում է բաց մնալ առևտրային երթևեկության համար։ Վաշինգտոնի համար դա կարևոր է նաև նավթի համաշխարհային գները զսպելու տեսանկյունից՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։
Շաբաթվա ընթացքում միջնորդների ջանքերը լարվածությունը մեղմելու ուղղությամբ արդյունք չեն տվել։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատմամբ՝ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը երկրի համար ավելի կարևոր է, քան տասնյակ ատոմային ռումբերը։
Վերլուծաբանների կարծիքով՝ թեև կողմերից ոչ մեկը չի ցանկանում վերադառնալ լայնածավալ պատերազմի, իրավիճակը շարունակում է զարգանալ «վերահսկվող էսկալացիայի» պայմաններում:
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղինԹուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-40...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Իրանի և ԱՄՆ-ի փոխադարձ հարվածների ֆոնին նավթի գներն աճել են
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամ...
Իրանը հարվածել է ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին Պարսից ծոցում
Իրանի զինված ուժերը հուլիսի 9-ին հարվածներ են հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներ...