Իրանը փակում է Հորմուզի նեղուցը․ ԱՄՆ-ն պատասխանել է հարվածներով
Իրանական ուժերի կողմից բեռնանավի թիրախավորումից հետո ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին, մինչդեռ Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու և Ծոցի որոշ երկրների վրա հարձակվելու մասին, գրում է Reuters-ը։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ Թեհրանի թիրախում հայտնված նավը նավարկում էր Կիպրոսի դրոշի ներքո։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ նավը լրջորեն վնասվել է, իսկ անձնակազմի անդամներից մեկի գտնվելու վայրն անհայտ է։ Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալության հաղորդմամբ՝ բեռնանավի անձնակազմը լքել է նավը և գտնվում է փրկանավակի վրա։
Թեհրանից պարզաբանել են, որ բեռնանավին հասցված նախազգուշական կրակոցից հետո են փակել նեղուցը, քանի որ նավը չհաստատված երթուղով էր ընթանում։ Այդուհանդերձ, Վաշինգտոնը վստահեցնում է, որ նեղուցը բաց է երթևեկության համար։ Համաշխարհային մատակարարումների համար առանցքային ջրային ուղին փակ կմնա «մինչև տարածաշրջանում ամերիկյան միջամտության ավարտը», ընդգծել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ)՝ հավելելով, որ ամերիկյան նոր ռազմական գործողությունների դեպքում կշարունակեն թիրախավորել տարածաշրջանի «թշնամական ռազմաբազաները»։
Այս հայտարարությունից գրեթե մեկ ժամ անց ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնեց Իրանին հասցված հերթական հարվածների մասին։ Ավելի ուշ զինվորական կառույցից մանրամասնել են, որ շուրջ 140 ռազմական օբյեկտ են թիրախավորել։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են երկրի մի քանի նավահանգստային քաղաքներում պայթյունների մասին։ Ավելի ուշ, ԻՀՊԿ-ն հայտարարեց ԱՄՆ դաշնակից Հորդանանում տեղակայված ռազմաբազայի հրամանատարական շտաբ և անօդաչուների անգարներ ոչնչացնելու մասին։
Արաբական Միացյալ Էմիրություններից իրանական անօդաչուներն ու հրթիռները վնասազերծելու գործողությունների մասին են հայտնել, Կատարը հաստատել է, որ իրանական հրթիռ է խոցել։ Reuters-ը գրում է, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են լսվել, իսկ Բահրեյնում օդային տագնապ է հայտարարվել։ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման ամենաթարմ էջը հուլիսի 7-ին սկսվեց։ Միացյալ Նահանգները Թեհրանից պահանջում է հրապարակայնորեն ընդունել, որ Իրանը խախտել է փետրվարի 28-ին սկսված պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի պայմանները՝ գնդակոծելով քաղաքացիական նավերը Հորմուզի նեղուցում, հաղորդել է CBS-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...