Քաղաքականություն

Ռուբիոն որոշում է, թե ինչպես են ծախսվում Վենեսուելայի միջոցները. NYT

Ռուբիոն որոշում է, թե ինչպես են ծախսվում Վենեսուելայի միջոցները. NYT

ԱՄՆ-ի և Վենեսուելայի իշխանություններին մոտ կանգնած ավելի քան մեկ տասնյակ պաշտոնյաների ու այլ անձանց փոխանցմամբ՝ Ռուբիոն ըստ էության կարգադրում է Վենեսուելայի ֆինանսները, ռեսուրսների բաշխումը և կառավարությունը։ Թեև Ռուբիոն չի այցելում Վենեսուելա, նա ներգրավված է երկրի ամենօրյա կառավարման մեջ և սերտ կապ է պահպանում երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ։ 2026 թվականի հունվարի 3-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կալանավորման գործողությունից հետո նա կապվել է Ռոդրիգեսի հետ և առաջարկել համագործակցել ԱՄՆ-ի հետ, հակառակ դեպքում պետքարտուղարը խոստացել է ԱՄՆ-ի նոր մաշտաբային հարվածներ Վենեսուելային, ինչին ի պատասխան Ռոդրիգեսը տվել է իր համաձայնությունը։


Ներկա պահին Վենեսուելայի արտահանումից ստացված գումարները մուտքագրվում են ԱՄՆ ֆինանսների նախարարություն, և գերատեսչությունն այն աստիճանաբար տրամադրում է Վենեսուելային մասնավոր բանկերի միջոցով։ Ռուբիոն և իր թիմն են որոշում, թե ով և ինչի վրա կարող է ծախսել այդ միջոցները։ Նա նաև հետևում է ամերիկյան պատժամիջոցների կատարմանը՝ որոշելով, թե ով և ինչպես կարող է կոմերցիոն գործունեություն ծավալել Վենեսուելայում։ Պետքարտուղարը զբաղվում է երկրի նավթային ոլորտի վերակառուցմամբ, ապահովում է ամերիկյան ընկերությունների մուտքը Վենեսուելա, ինչպես նաև Ռոդրիգեսի հետ քննարկում է կառավարական կարևոր պաշտոններում նշանակումները։ Ռուբիոյի մերձավորները լիցենզիաներ են տրամադրում, որոնք թույլ են տալիս այս կամ այն ընկերություններին բիզնես վարել Վենեսուելայում՝ շրջանցելով պատժամիջոցները։


Մասնավորապես, Ռուբիոն զգուշացրել է Ռոդրիգեսին ԱՄՆ մրցակիցների հետ փոխգործակցությունից։ Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք մերձավորների, դիվանագետների և ԱՄՆ-ում վենեսուելական համայնքի կողմից դրսևորվող թերահավատությանը՝ Ռուբիոյի թիմը հավաստիացնում է, որ Ռոդրիգեսը լսում է նրա հրահանգները, հատկապես ֆինանսներին վերաբերող հարցերում։ ԱՄՆ իշխանությունները նաև ճնշում են գործադրում Ռոդրիգեսի վրա՝ նպատակ ունենալով ձերբակալել ԱՄՆ արդարադատության նախարարությանը հետաքրքրող անձանց հանցավոր խմբավորումների դեմ պայքարում։ Ըստ պարբերականի՝ Սպիտակ տունը նույնիսկ ազդում է Ռոդրիգեսի հանրային ելույթների և հայտարարությունների վրա։


Այդուհանդերձ, Վենեսուելայում կայունության վերականգնման հաջողությունը մեծապես կախված է արտասահմանյան ֆինանսական միջոցների ներգրավումից։ Օտարերկրյա ներդրողները զգուշավորություն են ցուցաբերում, նավթային ոլորտը թուլացած է կառավարման խնդիրների պատճառով, իսկ պետական ապարատի նկատմամբ Ռոդրիգեսի վերահսկողության աստիճանը մնում է անորոշ։ Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերը հանգեցրել են նոր նավթային պայմանագրերի շուրջ բանակցությունների հետաձգմանը։ ԱՄՆ վարչակազմում և Վենեսուելայի կառավարությունում հրաժարվել են մեկնաբանել Ռուբիոյի դերի մասին տեղեկատվությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250