ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն մատուցող Սուրբ Եկեղեցու հոգևորականների մուտքի թույլտվությունները դադարեցնելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Փաստինֆոն ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) ներկայացուցչի բողոքը՝ բեկանելով Վարչական դատարանի որոշումը, որով վերադարձվել էր հայցադիմումը։
Վեճը վերաբերում է Քրեակատարողական ծառայության պետի՝ 2026 թվականի ապրիլի 10-ի որոշմանը, որով դադարեցվել էր քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքի թույլտվությունը։ Որպես հիմնավորում նշվել էր, որ առանձին քահանաների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։
ՀԱՍԵ-ն վերաքննիչ բողոքում նշել է, որ Վարչական դատարանը ձևական հիմքով չի ընդունել հայցը վարույթ՝ նեղացնելով Եկեղեցու պաշտպանության ենթակա իրավունքը։ Ըստ բողոքաբերի՝ ՔԿԾ ղեկավարի որոշումը պետք է գնահատվեր որպես վարչական ակտ։
Վերաքննիչ դատարանը, վերլուծելով օրենսդրությունը, արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով ՀԱՍԵ-ին վերապահված է ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու իրավունք։
Դատարանը նաև ընդգծել է, որ այդ իրավունքը բխում է անմիջապես օրենքից և ոչ թե 2014 թվականի նոյեմբերի 25-ին Արդարադատության նախարարության և ՀԱՍԵ-ի միջև կնքված պայմանագրից։ Վերջինս, ըստ դատարանի, կարգավորում է միայն այդ իրավունքի իրացման կազմակերպական և ընթացակարգային հարցերը և չի կարող հանդիսանալ իրավունքի ծագման հիմք։
Հետևաբար, Վերաքննիչ վարչական դատարանը փաստել է, որ միայն պայմանագրի առկայությունը բավարար չէ եզրակացնելու, թե վեճը ծագել է մասնավոր իրավահարաբերություններից, և բավարարել է ՀԱՍԵ-ի վերաքննիչ բողոքը։