Մեկ տարի կալանավայրում գտնվելուց հետո Բագրատ Սրբազանն այցելել է Մայր Տաճար
Մեկ տարի կալանավայրում գտնվելուց հետո Բագրատ Սրբազանն այցելեց Մայր Տաճար, որտեղ իրեն դիմավորողներին հայտնեց, որ Մայր Աթոռն իր հոգևոր ծննդավայրն է, և այստեղ ամեն քայլափոխ իր ու իր հոգևոր եղբայրների ոչ միայն ոտնահետքերի, այլև քրտինքի վայրն է։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ մեկ տարվա բացակայությունն իր համար չափազանց երկար էր։ Նա նշեց. «Հոգևոր վերականգնման այց է, ինձ համար նաև՝ ինքնաճանաչողության և ինքնաքննություն ապրելու, նաև հարյուրավոր, հազարավոր մեր սիրելիներին այս սրբազան վայրում հանդիպելու առիթ է»։ Սրբազանին դիմավորեցին հավատավոր ժողովուրդն ու հասարակական-քաղաքական գործիչները, որոնց նա շնորհակալություն հայտնեց Սրբազան պայքարում իրեն աջակցելու համար։ Անդրադառնալով Վեհափառ հայրապետի հետ սպասվող հանդիպմանը՝ նա ասաց, որ երևի չխոսի, քանի որ լռությունը շատ ավելին է հայտնում ու արտահայտում իր նվիրվածությունը Հայոց Կաթողիկոսին, քան զգացմունքները հնարավոր աղճատող խոսքերը։
Բագրատ Սրբազանը հայտնեց նաև, որ Պատարագի ավարտից հետո պետք է վերադառնա իր «ազատության հանգրվանը»՝ կեցավայր։ Հիշեցնենք, որ դատարանի վերջին որոշմամբ նրա տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով։ Բացատրելով Մեծ Հայաստանի քարտեզով կրծքանշանի իմաստը՝ Բագրատ սրբազանն ասաց, որ այն Իրական Հայաստանն է, որտեղ ծնվել ու ծագել է մեր ազգը, և որի յուրաքանչյուր անկյունում մեր սրբավայրերն են։