Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. կան վիրավորներ
Հունիսի 20-ին Երևանում հնչած կրակոցների և վիրավորների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում այս մասին հայտնում է shamshyan;com :
Այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 14։10-ի սահմաններում իրավապահները տեղեկացել են, որ Կիլիկիա թաղամասի Սիսվան փողոցում կրակոցներ են եղել և կան վիրավորներ։ Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Տեղում հաստատվել է ստացված տեղեկատվության հավաստիությունը։ Քրեական և համայնքային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված գնդակներ, մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև կրակոցի հետքեր բնակչի տան երկաթե դարպասի և դրա մոտ կայանված Honda մակնիշի մեքենայի վրա։
Տարածք են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Գեղամ Մովսիսյանն ու Սիրմակ Հակոբյանը։ Տեղում աշխատանքներ են իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Մուրադյանի ու Վահե Աճեմյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պատահարի մանրամասները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։