Քաղաքականություն Կարևոր

Հայաստանի հարցով թեժ պայքար ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում․ ինչ է պահանջում Ադրբեջանը

Հայաստանի հարցով թեժ պայքար ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում․ ինչ է պահանջում Ադրբեջանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրոք հարաբերությունների դրական դինամիկային: Զրույցի առանցքային թեմաներից է եղել ԱՄՆ Կոնգրես ներկայացված օրինագիծը, որը նախատեսում է ամբողջությամբ չեղարկել Ադրբեջանին ուղղակի պետական օգնության տրամադրումն արգելող 907-րդ ուղղումը:


Հիշեցնենք, որ 1992 թվականին ընդունված 907-րդ ուղղման գործողությունը 2002 թվականից սկսած ԱՄՆ նախագահների կողմից ամեն տարի կասեցվում էր: Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել էր երկարաձգել կասեցման մեխանիզմը, սակայն անցյալ տարվա օգոստոսին Դոնալդ Թրամփը ստորագրեց հուշագիր, որով կրկին սառեցրեց ուղղման կիրառումը: Այս համատեքստում կոնգրեսական Համադեն հանդես է եկել նշված արգելքն ամբողջությամբ վերացնելու նախաձեռնության համահեղինակությամբ:


Միևնույն ժամանակ, ԱՄՆ հայկական կազմակերպությունների, մասնավորապես՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հակընդդեմ նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա ուղղում է առաջարկել ԱՄՆ 2027 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության մասին օրինագծում, որով նախատեսվում է սահմանափակել նախագահի՝ 907-րդ ուղղումը կասեցնելու իրավասությունը:


Ըստ Փալոնի առաջարկի՝ սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Սպիտակ տունը Կոնգրեսին չի հավաստիացրել, որ Ադրբեջանն ազատ է արձակել հայ ռազմագերիներին ու գերեվարված նախկին պաշտոնյաներին, դուրս է բերել զորքերը Հայաստանի տարածքից և երաշխավորել է Լեռնային Ղարաբաղի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանումը: Այդուհանդերձ, Վաշինգտոնում քաղաքական դասավորվածության փոփոխության ֆոնին փորձագետները կասկածի տակ են դնում այս սահմանափակումների ընդունման հավանականությունը: 


Հիշեցնենք՝ 907-րդ բաժինը ԱՄՆ օրենսդրության այն դրույթն է, որը սահմանափակում է Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ամերիկյան օգնությունը, սակայն 2002 թվականից այն ամեն տարի շրջանցվում է նախագահի կողմից տրվող բացառության միջոցով։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250