Ռուսաստանը հարվածել է Կիևի գլխավոր սրբավայրին
ՌԴ ԶՈւ-ն ավիահարված է հասցրել Կիևին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակ՝ 1051թ. հիմնված հնագույն վանական համալիրում։ Հարվածի հետևանքով տուժել է առնվազն երեք մարդ, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ այրվել է համալիրի գլխավոր եկեղեցու տանիքը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են նաև քաղաքի մի շարք բնակելի շենքեր։
Բացի այդ՝ Պեչերսկի շրջանում հարված է հասցվել հնգահարկ բնակելի շենքի, Սոլոմյանսկի շրջանում՝ իննահարկ շենքի, իսկ Օբոլոնսկի շրջանում բնակելի շենքի մի մասը փլուզվել է։
Շևչենկոյի շրջանում հարվածներ են արձանագրվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին, այդ թվում՝ շուկայի և մթերային խանութի։ Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են նաև 25-հարկանի բնակելի շենքի վնասման մասին։
Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ զոհվել է առնվազն չորս մարդ, ևս 25-ը վիրավորվել են։ Հարձակման հետևանքով վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը, ինչի պատճառով շուրջ 140 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։
Կիևա-Պեչորյան մայրավանքի առաջնորդ եպիսկոպոս Աբրահամը հայտնել է, որ հրդեհից հետո կազմակերպվել է հնագույն սրբապատկերների և այլ սրբությունների շտապ տարհանում։
«Անցած գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվեց վերջին ժամանակների ամենախոշոր հարձակումներից մեկին։ Զանգվածային օդային հարվածների հետևանքով տուժել են բնակելի թաղամասեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ և Կիևա-Պեչորյան մայրավանքի տարածքը՝ Ուկրաինայի եզակի հոգևոր, պատմական և մշակութային սրբավայրը», - գրել է նա Facebook-ում։
Եպիսկոպոսի խոսքով՝ հոգևորականների և փրկարարների համակարգված աշխատանքի շնորհիվ հաջողվել է նվազեցնել մարդկանց համար վտանգները և պահպանել սրբությունները։
Նրա խոսքով՝ ներկայում շարունակվում են հարձակման հետևանքների վերացման աշխատանքները, գնահատվում է հասցված վնասը և արձանագրվում են բոլոր հանգամանքները։
«Նման վայրին հասցված յուրաքանչյուր վնաս ցավալի կորուստ է ոչ միայն հավատացյալների, այլև բոլոր նրանց համար, ովքեր գիտակցում են հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը ապագա սերունդների համար», - նշել է նա։